Մատչելիության հղումներ

«Աքսա»-ն վճարեց առաջին միլիոնը


Ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունը վճարել է առաջին միլիոնը 17,5 միլիոն դոլար ընդհանուր գումարից, որը, ըստ ձեռք բերված համաձայնության, պետք է որպես փոխհատուցում տրամադրվի օսմանյան Թուրքիայում ընկերությունում ապահովագրված, ապա ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգներին:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, երկուշաբթի օրը «Աքսա»-ի հատկացրած 680 հազար եվրոն փոխանցվելու է Ֆրանսիայում գործող հայկական բարեգործական կազմակերպություններից մեկին, եւս երկու նման կազմակերպություններ մեկական միլիոն դոլար կստանան առաջիկա երկու ամիսների ընթացքում:

Մնացած գումարը հատկացվելու է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին, ովքեր մինչեւ 2008 թվականի հունվարի 7-ը պետք է գրանցվեն www.armenianinsurancesettlement.com կայքէջում: Մինչ օրս գրանցվել են շուրջ 5 հազար դիմումատուներ` հիմնականում ԱՄՆ-ից, Հայաստանից եւ Ֆրանսիայից:

Փոխհատուցման համաձայնությունը ընկերության հետ ձեռք է բերվել 2005 թվականին` Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից Միացյալ Նահանգներում հարուցված դատական գործընթացի արդյունքում:

Ցեղասպանության ժառանգների շահերը պաշտպանող փաստաբաններից Բրայան Քաբաթեքը կարեւորել է, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ ստուգեն` արդյոք իրենց ընտանիքները հիշատակվա՞ծ են այդ կայքէջում:

2000 թվականին նույնպիսի համաձայնություն էր ձեռք բերվել «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության հետ, որը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին որպես փոխհատուցում վճարեց 20 միլիոն դոլար:

Ցեղասպանության զոհերի ժառանգների փաստաբանները ներկայումս աշխատանքներ են տանում գերմանական «Դոյչե բանկ» եւ «Դրեզդներ բանկ» դրամատների նկատմամբ համանման գործընթաց սկսելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG