Մատչելիության հղումներ

Թրքալեզու երկրների համագումարի քննարկումներում առանցքային տեղ է գրավել Լեռնային Ղարաբաղի թեման


Բաքվում անցկացվող թրքալեզու երկրների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության 11-րդ համագումարի քննարկումներում առանցքային տեղ են գրավում Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Իրաքում եւ Աֆղանստանում թրքալեզու բնակչության վիճակի, հյուսիսային Կիպրոսը միջազգային շրջափակումից դուրս բերելու խնդիրները:

Թրքալեզու մի շարք երկրների ղեկավարներ ու պաշտոնյաներ ղարաբաղյան կարգավորման գործընթացը համարել են «անարդյունավետ»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է, որ իր երկիրն այդ հարցում «միշտ եղել եւ մնում է եղբայրական Ադրբեջանի կողքին»:

«Ղարաբաղի օկուպացման հետեւանքով շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի դարձել է փախստական եւ հարկադրված գաղթական: Եվ թեեւ այդ խնդիրը մեզ շատ է անհանգստացնում, սակայն տեսնում ենք, որ համաշխարհային հանրությունը աչք է փակում այս ամենի առջեւ: Խնդիրը չի լուծվում, ինչ-որ խաղ է գնում», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը` «ոչ ճիշտ» որակելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի քաղաքականությունը. - «Ստեղծվել է կառույց` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ: Բայց արդյոք կա՞ արդար որոշում: Իհարկե` ոչ: Որովհետեւ ղարաբաղյան կարգավորման Մինսկի խումբը` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի գլխավորությամբ, ոչ ճիշտ քաղաքականություն է վարում»:

Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Մեհմեդ Ալի Թալաթը զուգահեռներ է անցկացրել Ղարաբաղի եւ Կիպրոսի հիմնահարցի միջեւ` հայտարարելով. - «Ճիշտ այնպես, ինչպես չեն իրականացվում Ղարաբաղի հետ կապված` ՄԱԿ-ի ընդունած որոշումները, հունական Կիպրոսը, խոչընդոտելով Կիպրոսի հիմնահարցը ՄԱԿ-ի շրջանակներում լուծելու մեր փորձերը, այնուհանդերձ, շարունակում է ճանաչվել որպես պետություն»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, իր հերթին, վերստին հայտարարել է, թե Ադրբեջանն ազատագրելու է իր տարածքները, եւ այդ օրը հեռու չէ. - «Ադրբեջանը ստիպված է լինելու այլ միջոցներ ձեռնարկել` գրավյալ տարածքները ազատագրելու համար: Ես չեմ կասկածում, որ Ադրբեջանը վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը, եւ այդ օրը հեռու չէ»:

Անդրադառնալով խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային կառույցների ջանքերին` Ալիեւը դատապարտել է «հայկական լոբբիի եւ նրան սատարող երկրների հակաադրբեջանական քաղաքականությունը»:

Համագումարը, որը մեկնարկել է շաբաթ օրը եւ որին մասնակցում են 30 երկրների 550 ներկայացուցիչներ, այսօր կավարտի աշխատանքները: Համագումարի օրակարգում ընդգրկված են նաեւ թրքալեզու երկրների տնտեսական, մշակութային, կրթական համագործակցության հարցեր:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG