Մատչելիության հղումներ

Եվրասիա համագործակցության հիմնադրամը «Եվրասիա» հիմնադրամի իրավահաջորդն է


«Եվրասիա» հիմնադրամի իրավահաջորդ` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին է տեղեկացրել «Եվրասիա» հիմնադրամի նախագահ Հորթն Բիբի-Սենթրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Համագործակցության հիմնադրամի նախագահ Ջորջի Զարուբինի եւ հայաստանյան ներկայացուցիչ Գեւորգ Տեր-Աբրահամյանի մասնակցությամբ կայացած հանդիպմանը «Եվրասիա» հիմնադրամի նախագահը նշել է, որ Համագործակցություն հիմնադրամի երեւանյան գրասենյակը կլինի Հարավային Կովկասի տեղական հիմնադրամների ցանցի մի մասնիկը:

Նշելով, որ սկսած 1995 թվականից «Եվրասիա» հիմնադրամի գործունեությունը Հայաստանում նպատակաուղղված է եղել քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման, համայնքների, մանր ու միջին բիզնեսի զարգացմանը, հիմնադրամի նախագահն ասել է, որ նոր հիմնադրամը եւս շարունակելու է սկսած գործը` ավելի մեծ կարեւորություն տալով տեղական կարողությունների զարգացմանը եւ ապահովելով ավելի մեծ քանակությամբ տեղական մակարդակով ներդրումներ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Ռոբերտ Քոչարյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել` շեշտելով, որ արդեն իսկ կա գործակցության արդյունավետ փորձ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների մասին: Նշելով, որ ժողովրդավարությունը ենթադրում է հետեւողական, համբերատար աշխատանք եւ քաղաքական մշակույթի ձեւավորում, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ երկրում իրականացվող քաղաքական, տնտեսական, տեղական ինքնակառավարման բարեփոխումները կոչված են ամրապնդելու ժողովրդավարության ֆունդամենտալ հիմքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG