Մատչելիության հղումներ

«Հայաստանում ԱՄՆ-ի փոխդեսպանը այցելել է Խաչատուր Սուքիասյանին»


Սուքիասյան ընտանիքին պատկանող «ՍԻԼ գրուփ»-ի շուրջ հրապարակված տեղեկություններով մտահոգ` Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ըստ ընկերության խոսնակ Աննա Մկրտչյանի, երեկ այցելել է Հայաստանում ԱՄՆ-ի փոխդեսպան Սթիվեն Բենքսը:

Սուքիասյանների ընտանիքին պատկանող մի շարք ընկերություններում վերջերս անցկացվող ստուգումները, հիշեցնենք, կապվում են Խաչատուր Սուքիասյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին հայտարարությունների հետ:

Ազգային ժողովում, մինչդեռ, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, վարչապետ Սերժ Սարգսյանին հիշեցնելով նույն դահլիճում նախօրեին իր հնչեցրածը երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու մասին, երեկ խորհրդարանում հարց ուղղեց վարչապետ Սերժ Սարգսյանին. - «Ինչպես հասկանալ 6-րդ վարչության եւ հարկային տեսչության գործունեությունը... եւ արդյո՞ք դա չի կապվում Խաչատուր Սուքիասյանի քաղաքական գործունեության հետ»:

Վարչապետը համաձայնեց հարցի միայն առաջին մասին. - «Բայց իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք տարբեր կերպ ենք ընկալում բարոյահոգեբանական [մթնոլորտը]... Խոսքս այն լրատվամիջոցների եւ այն մարդկանց մասին է, ովքեր շատ սովորական ստուգումներից աղմուկ են բարձրացնում»:

«Բոլորը` նույն այդ լրատվամիջոցները, ասում են, որ մեր տնտեսությունը հարյուր տոկոսով բաշխված է երկու-երեք կլանների միջեւ. այդ ո՞ր կլանին է պատկանում» - շարունակեց վարչապետը: - «Ի՞նչ եք կարծում, եթե մարդ քաղաքականությամբ է զբաղվում, ապա նա պետք է դո՞ւրս մնա հարկային ոլորտից: Եվ, այդ ե՞րբ չեն ստուգել ե’ւ այդ «ՍԻԼ գրուփ»-ի, ե’ւ մնացածների հարկային գործունեւությունը: Եթե որեւէ մտահոգիչ բան չկա, ինչո՞ւ է այս աղմուկը: Զուտ տնտեսական գորշունեւությունը ինչո՞ւ է քաղաքականացվում»:

«Այո, հարկային քաղաքականությունը հանրապետւթյուն խստացվել է», - ասաց Սերժ Սարգսյանը: - «Դա հավասար մրցակցային դաշտ ստեղծելու առաջին նախապայմանն է»:

«Իրականությունը այլ բանի մասին է ասում», - հակադարձեց Անահիտ Բախշյանը: - «Ես դպրոցում տնօրեն եմ աշխատել եւ բարոյահոգեբանական մթնոլորտը այսպես եմ ղեկավարել` արդարությունը սկսել եմ ինձանից եւ օրենքը սկսել եմ կիրառել ինձանից»:

«Ձեր ակնարկները հասկանում եմ», - արձագանքեց Սերժ Սարգսյանը: - «Ես ինձնից շատ վաղուց եմ սկսել... Ես ձեզ կառաջարկեի, որպեսզի դուք ուշադրությամբ նայեիք այն ցուցակը, որ արդեն տարիների ընթացքում հրապարակում են հարկային, մաքսային մարմինները, եւ տեսնեիք` ովքե՞ր են այնտեղ շատ հարկատուները, այդ մարդիկ ինձ հետ որեւէ առնչություն ունե՞ն, թե՞ չէ... »:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG