Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Ուղղակի չեմ հասկանում, թե ինչ է նշանակում միասնական թեկնածու»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ իրեն զարմացնում է, որ միասնական թեկնածուի խնդիրը «այդքան մեծ ուշադրության է արժանանում»:

«Ինձ մի քիչ զարմացնում է, որ միասնական թեկնածուի խնդիրը ե’ւ քաղաքական գործիչների կողմից, ե’ւ հատկապես քաղաքագետներ իրենց անվանող մարդկանց կողմից այդքան մեծ ուշադրության է արժանանում, եւ ուղղակի չեմ հասկանում, թե ինչ է նշանակում միասնական թեկնածու», - «Արմպրոդէքսպո - 2007» ցուցահանդեսի բացմանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց նախագահը` շարունակելով. - «Միավորվել ի՞նչ հենքի վրա, զուտ ինքնանպատա՞կ է ունենալ միասնական թեկնածու, թե՞ կա գաղափարական ընդհանրություններ, ծրագրերի համադրելիություն, որի հենքի վրա կարելի է իսկապես միավորվել: Մենք նման տխուր օրինակ ունեցել ենք «Արդարություն» դաշինքի հետ, երբ լրիվ տարբեր մոտեցումներ ունեցող մարդիկ իրար հետ միավորվել են մեկ նպատակով` խորհրդարանում աթոռ ունենալու նպատակով: Վերջում ինչ վախճան ունեցավ այդ դաշինքը` դուք բոլորդ լավ տեղյակ եք»:

«Նախագահի աթոռը... կիսվող չի», - շարունակեց Ռոբերտ Քոչարյանը: - «Մրցանակը այս ընտրությունների ժամանակ մեկն է` մեկն է ստանալու այդ մրցանակը: Ի դեպ, նոր Սահմանադրությամբ նախագահը նույնիսկ հնարավորություն չի ունենալու պորտֆելներ բաժանել մասնակիցներին, այսպես ասենք` իր տակ մտնող քաղաքական ուժերին կամ գործիչներին: Քանի որ գործադիր իշխանությունը ձեւավորվում է նոր խորհրդարանի կողմից, իսկ խորհրդարանում ուժերի բաշխվածությունը արդեն պարզ է: Եվ հարց է առաջանում` կարո՞ղ են արդյոք իրար հետ աշխատել մարդիկ կամ կուսակցություններ, որոնց նպատակը ՆԱՏՕ-ի անդամակցությունն է, կամ կուսակցություններ, որոնց նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունների ավելի խորացումն է»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարը (նկատի ունենալով, մասնավորապես, որ «Բջնի» հանքային ջրերի գործարան ընկերությունը բողոքում է, որ ընկերության սեփականատերը ենթարկվում է քաղաքական հետապնդման) չենթարկվի հետապնդման, Ռոբերտ Քոչարյանը արձագանքեց. - «Դուք գիտեք հստակ, որ մենք հարկային քաղաքականության շատ ավելի հետեւողական մոտեցում ենք դրսեւորում բոլորի նկատմամբ, եւ չկա մի գործարար, լինի դա, ձեր որակումով իշխանամետ կամ ընդդիմադիր... բոլորը այսօր բերվում են հավասար հարկային դաշտ: Եվ մենք տարվա վերջում կհրապարակենք նաեւ խոշոր հարկատուների ցուցակը, ոնց որ միշտ անում է հարկային տնտեսությունը, եւ դուք կտեսնեք ինչքանով են ավելացրել իրենց հարկային մուծումները բոլորը: Բոլորը` նաեւ պատգամավորներ, որոնք հայտնի են, այսպես ասած, իրենց գործարար համբավով»:

«Այսինքն հետեւյալը», - շարունակեց Հայաստանի նախագահը. - «Կան մարդիկ, որոնք հասկանում են, որ պետությունը այս հակակոռուպցիոն քաղաքականությունն է որդեգրել եւ հետեւողական է: Կան մարդիկ, որոնք չեն ուզում իրենց տնտեսության ստվերային հատվածը փոքրացնել եւ փորձում են քաղաքականացնել այդ հարցը, փորձում են աղմուկ հանել, կոպիտ ասած` լաչառություն անել` բյուջեին ավելի քիչ գումարներ հատկացնելու համար: Ես կարծում եմ, որ, եթե հարուստ ես, եթե մենք խոսում ենք սոցիալական արդարության մասին, ապա մենք պետք է նաեւ այդ խիղճը ունենանք մեր եկամուտներից հասանելիք մասը տրամադրել պետությանը` սոցիալական հարցեր լուծելու համար: Եվ կցանկանայի նաեւ այս առիթը օգտագործելով ասել, որ այդ լաչառությունը ոչ մի լավ արդյունքի իրենց համար չի բերելու: Բարեխիղճ հարկատուն միշտ էլ հարգված է լինելու Հայաստանի Հանրապետությունում»:

«Կհրապարակենք նաեւ այդ ստուգումների արդյունքները, եւ դուք կտեսնեք, որ այն գործարարը, որին դուք ենթադրում էիք, ինչպես էր խաբում Հայաստանի Հանրապետությունը», - եզրափակեց Հայաստանի նախագահը:

Նախագահը խոսեց նաեւ դրամ - դոլար փոխհարաբերությունների մասին. - «Մենք հատուկ խնդրել ենք նաեւ համաշխարհային համբավ ունեցող փորձագետներին` գնահատել մեր դրամի արժեքավորման այսօրվա մակարդակը, եւ մեզ ասում են, որ մենք ողջամիտ պրոցեսի շրջանակներում ենք: Ե’վ IMF-ի[Արժույթի միջազգային հիմնադրամի], ե’ւ այլ միջազգային մեծ համբավ ունեցող ֆինանսական հաստատությունների փորձագետների կարծիքն է սա: Առաջինը, եւ երկրորդը` դուք համեմատեք դրամի արժեքավորումը ոչ միայն Միացյալ Նահանգների շուկայի հետ, համեմատեք եվրոյի հետ` տարբերությունը շատ քիչ է եւ տեղավորվում է այդ արժեքավորումը տնտեսական զարգացման տեմպերի մեջ: Չկա երկիր, որտեղ այս կարգի` 7 տարի անընդմեջ տնտեսական աճ լինի եւ սեփական դրամը չարժեքավորվի: Դրա մեջ ողջամիտ ձեւով տեղավորվում է... Համեմատեք ռուսական շուկայի հետ, ռուսական արժույթի հետ եւ այլերի հետ, եւ այստեղ բավական նորմալ է: Եվ այս տարվա սղաճը մի քիչ մեծ է ոչ թե նրա համար, որ մենք չէինք կարող պահել ավելի ցածր սղաճ, այլ` մեղմացնելու համար այս պրոցեսը, ավելի դանդաղ ընթացք հաղորդելու համար: Չեմ կարծում, որ այստեղ վտանգներ կան: Բայց, իհարկե, որակով պետք է մենք մրցունակ լինենք»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG