Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ը, «Իրականություն եւ զավեշտ» վերնագրի ներքո անդրադառնալով Հանրապետական կուսակցությանը, գրում է. - «Եթե նախկինում Հանրապետական կուսակցությունը համարվում էր գաղափարական միավոր, այսօր այն դարձել է ավազակապետի ձեռքի խաղալիքը, եւ շատերի համար այն քրեական տարրերի հավաքածու է: Զավեշտի եւ աբսուրդի գագաթնակետը, իհարկե, Սերժ Սարգսյանի` ՀՀԿ նախագահ ընտրվելն է: Նժդեհական գաղափարախոսության կրողներն այսօր իրենց ղեկավար են ընտրել մեկին, որը Սուրեն Սպանդարյանի արձանը շփոթում է Գարեգին Նժդեհի արձանի հետ»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձին անդրադառնալով, գնահատել է. - «Նախկին նախագահի հանկարծակի քաղաքական նկրտումներն արդարացված են քաղաքական մշակույթի տեսանկյունից, սակայն նրա ներկայացրած հավակնոտ քաղաքական հայտի հիմքերը նույնիսկ անբացատրելի են։ Նրա ու նրան սատարողների առաջին հանրահավաքում է’լ ավելի պարզ դարձավ, որ արմատական ընդդիմության կեցվածքով Լեւոն Տեր-Պետրոսյանը հասարակական հոգեբանության վրա ազդելու մեխանիզմ է ընտրել, այն է՝ քաղաքական թարմացման քողի ներքո ստեղծել կարոտախտի էմոցիոնալ դաշտ՝ համեմված սուր քննադատությունների արբեցնող բույրով... Չնայած նախկին նախագահը հմտորեն խույս է տալիս ՀՀՇ ներկայացուցիչը լինելուց, որի մասին վկայում է իր ինքնառաջադրվելու որոշումը, այդուհանդերձ, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին հիմնականում նույն թիմակիցներն են` փոքր-ինչ այլ նրբերանգներով»:

«Ազգ» թերթի մեկնաբանի դիտարկմամբ՝ «մեծ ինտելեկտ ու վառ երեւակայություն պետք չէ հասկանալու համար, որ որեւէ իշխանություն Հայաստանում կսարսափի այնպիսի թեկնածուից, որը, ով էլ լինի, ներկայացնում է ողջ ընդդիմադիր հատվածին միասնաբար, որոնք ամեն օր խոսում են իշխանափոխության անհրաժեշտության մասին` անգամ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, եթե իհարկե նրա նպատակները այլ չեն եւ չեն խարսխված իր թիմի ռեւանշի գաղափարի վրա»: «Սա ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ հայրենի ընդդիմադիր առաջնորդները, որոնք, իշխանություններին տապալելու անվան տակ, ավելի շատ միմյանց են տապալում` կանաչ լույս վառելով իշխանական ռեժիմի վերարտադրության գործընթացի առաջ», - բխեցրել է մեկնաբանը։

«Զարմանալի մարդիկ են» Հայաստանի Հանրապետության նախագահի «հաղթող թեկնածուները», - իր հերթին գրել է «Չորրորդ իշխանություն» թերթը ու բացատրել. - «Բոլորը ձեւացնում են, թե մրցում են իրար դեմ, բայց խոսում են միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Եվ դա միանգամայն հասկանալի է. ըստ էության, միմյանց դեմ պայքարելու «թամաշան» շարունակվում է իներցիայով: Իրականում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումով քաղաքական շոուների ժամանակը սպառվել է, եւ սա բոլորն են հասկանում»:

«Հայկական ժամանակ»-ը փոխանցել է, թե ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը նախօրեին կայացած մի խնջույքի ժամանակ «սկանդալային պատմության մեջ է ընկել` մոտ 10 հոգու ներկայությամբ փորձել է ուտել նոյեմբերի 16-ի հանրահավաքի մասին իրազեկող մի թռուցիկ»: «Խնջույքի հենց սկզբից», - մանրամասնել է թերթը», - գեներալ Նազարյանի տրամադրությունը նկատելիորեն լավ չի եղել, բայց ալկոհոլային խմիչքների օգտագործելուն զուգընթաց, նա սկսել է բացվել, որ ղեկավարությունը իրենից դժգոհ է, քանի որ ինքը չի կարողանում բավարար չափով պայքարել Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսանկարներով թռուցիկների դեմ»։ «Չնայած ոստիկանության կողմից մղվող պայքարին, Երեւանում ամենուր կարելի է հանդիպել այդ թռուցիկներին։ Եվ ահա, Նազարյանը, այս իրավիճակի կապակցությամբ սրտնեղելով, հանկարծ բոլորի համար անսպասելի գրպանից հանել է մի այդպիսի թռուցիկ, ճմրթել է այն եւ սկսել ուտել։ Նրա ներկա մերձավորներին հաջողվել է նրան արագ դուրս տանել խնջույքի վայրից»։ Թերթի տեղեկություններով, սակայն, «նա, այնուամենայնիվ, առաջին պատառը կուլ է տվել»։

«Ժամանակ-Երեւան» թերթը պնդել է, թե «այս օրերին համատարած ճնշումներ են գործադրվում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նկատմամբ». - «Տեր-Պետրոսյանի թիմում նախապես որոշել են դրանց ուշադրություն չդարձնել՝ հասարակության մեջ խուճապ չտարածելու համար, սակայն, վերջին օրերին որոշում է կայացվել հրապարակել դրանք եւ հատկապես միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հետապնդումների վրա»։

«Առավոտ»-ի փոխանցմամբ` «երեկ իրենց խմբագրություն է այցելել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը եւ օրաթերթի խմբագրին է հանձնել 1000 դոլար, որը կուսակցության ղեկավարը պարտվել է, երբ 2004 թվականի սկզբին գրազ է եկել, թե նախագահ Քոչարյանը հրաժարական է տալու եւ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG