Մատչելիության հղումներ

Վարչապետը ներկայացրեց 2008-ի բյուջեի ուղերձը


Երեքշաբթի օրը վարչապետ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում ներկայացրեց 2008 թվականի պետական բյուջեի նախագծի ուղերձը:

«Աշխարհաքաղաքական եւ տնտեսական իրողություններն այնպիսին են, որ Հայաստանի զարգացման առանցքը մարդկային ներուժն է», - մոտ 2,5 միլիարդ դոլարանոց պետբյուջեի նախագծի իր ուղերձում ասաց վարչապետը` ճշտելով. - «Նկատի ունեմ ամբողջ աշխարհի հայությանը... Աշխարհով մեկ սփռված հայերը իսկապես շահագրգռված են Հայաստանի զարգացմամբ, եւ, տնտեսագիտական լեզվով ասած` նրանց պետք է դիտարկենք որպես մեր ֆինանսական եւ տնտեսական համակարգերի ռեզիդենտներ»:

Սերժ Սարգսյանի հավաստիացմամբ` հարկային բեռը պետք է լինի «խելամետ», ազգային անվտանգության համակարգը` կատարելագործված. - «Մենք պետք է պարտաստ լինենք հակազդելու բոլոր սպառնալիքներին եւ վտանգներին»:

Քանի որ տարին ընտրական է լինելու, պետք է, վարչապետի խոսքերով, այնպես անել, որ «նախընտրական արշավը չխոչընդոտի բյուջեի իրականացմանը եւ գործադիր իշխանության հստակ աշխատանքին»:

«Կառավարության պատասխանը [առաջիկա հինգ տարիներին] մեր ընդդիմադիրներին լինելու է հետեւյալը. առավել նպատակաուղղված աշխատանք, համերաշխության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորում, ներողամտություն, փոխադարձ սեր եւ հարգանք», - հայտարարեց վարչապետը:

Այս կապակցությամբ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ընդդիմությանը ինչպես կվերաբերվեն` դա իրենց խնդիրն է: Բայց ընդդիմությունը հստակ աշխատելու է, վեր է հանելու բոլոր այն խնդիրները, ինչ կա երկրում, հետեւողական է լինելու դրանց լուծման համար»:

Իսկ մյուս ընդդիմադիր խմբակցության` «Ժառանգության» քարտուղար Ստեփան Սաֆարյանը ասաց, որ իրենք առաջին անգամ չէ, որ ցանկություն են արտահայտում «խոսքերը տեսնել նաեւ իրական քայլերով, ինչը, ցավոք սրտի, բացակայում է երկրում»:

Պետբյուջեի նախագծի քննարկման ավարտից հետո առնվազն չորս օրով ընդմիջում կհայտարարվի` առաջարկություններ ներկայացնելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է 2008-ի պետբյուջեն, վարչապետը պատասխանեց. - «Կարծում եմ, մենք կգերակատարենք»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG