Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով ՀՀԿ-ի համագումարում առաջին նախագահի հասցեին վարչապետ Սերժ Սարգսյանի հնչեցրած պատասխան քննդադատությանը, գնահատել է. - «Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե դա չարվեր, որովհետեւ հաշվի առնելով այն անսահմանափակ եւ անվերահսկելի իշխանությունը, որ վարչապետն ունի, այդ «քլնգոցը» կարող է դիտվել որպես ազդանշան ուժային պատժիչ մարմիններին եւ 17 հեռուստաընկերություններից բաղկացած հսկայական քարոզչական մեքենային»: Խմբագրի դիտարկմամբ, նախագահի երկու հիմնական թեկնածուների հնչեցրած ելույթներին բնորոշ է մի ընդհանուր թերություն. - «Նրանցից ոչ մեկն առայժմ չի խոսում Հայաստանի ժողովրդավարացման անհրաժեշտության մասին։ Հիմնական բանավեճը ծավալվում է Ղարաբաղի խնդրի, տնտեսության եւ, մասամբ, «Հոկտեմբերի 27»-ի շուրջ։ Չկան ծրագրային ելույթներ այն մասին, թե ինչպիսի մեխանիզմներով կարելի է հասնել, որ, ասենք, ընդդիմության ներկայացուցիչներ չհետապնդվեն, լրատվամիջոցներ չփակվեն, ընտրությունները չկեղծվեն»։

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, իր հերթին, շեշտադրել է. - «Սեպտեմբերի 21-ից սկսած իր քաղաքական քայլերով ու մանավանդ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում ունեցած կոշտ ու հարձակողական ելույթով Տեր-Պետրոսյանն այնպես բեւեռացրեց քաղաքական դաշտը, որ լիովին շրջափակեց առաջիկա ամիսներին սպասվող քաղաքական մրցակցությունը դեպի ապագան միտված ծրագրերի հարթություն տեղափոխելու հնարավորությունը»։ «Այսպիսով», - բխեցրել է մեկնաբանը, «նախագահական ընտրապայքարի մեկնարկը խոստանում է սուր ու անզիջում մրցակցություն ընդամենը երկու քաղաքական բեւեռների միջեւ։ Իսկ դա նշանակում է, որ նախագահի մյուս հնարավոր թեկնածուները ներկայումս կանգնած են բարդ երկընտրանքի առջեւ... Առաջիկա մեկ ամսվա ընթացքում առաջադրվելու պարագայում «երրորդ-ավելորդները» պետք է ընտրություն կատարեն՝ կա՛մ մնալ «դիտորդի կարգավիճակում», կա՛մ էլ փորձել ինչ-որ ձեւով հասնել արդեն կառամատույցից պոկված գնացքին եւ տեղավորվել երկու վագոններից մեկն ու մեկի մեջ»։

«Հայկական ժամանակ»-ը, հակադարձելով Սերժ Սարգսյանի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված խորհրդին, թե «լավ կլիներ, որ նա մեղա գար, ներողություն խնդրեր հայ ժողովրդից իր գործած, մեղմ ասած, սխալների համար», առանձնացրել է. - «Ժողովրդի լայն շրջանակներում կարծում են, որ Տեր-Պետրոսյանի գործած ամենամեծ սխալը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ներկայությունն է Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Եվ եթե Տեր-Պետրոսյանն ուղղակի վեր կենա ու դրա համար ներողություն խնդրի ժողովրդից, դրանով ոչ մի բան չի փոխվի։ Կարծում ենք, Տեր-Պետրոսյանը Սարգսյանի առաջարկությունը պետք է ընդունի, այսպես կոչված, «գործուն զղջման» ձեւաչափով։ Այսինքն՝ ոնց որ բերել է վերը նշված զույգին, այնպես էլ պետք է հեռացնի»։

«Ժամանակ-Երեւան» թերթի տեղեկություններով, «ԲՀԿ-ում որոշել են, որ երեկ ԱԺ փոխնախագահ ընտրված Արեւիկ Պետրոսյանի պաշտոնավարությունը տեւելու է ընդամենը երեք ամիս։ Նախագահի ընտրություններից հետո տիկին Պետրոսյանը վերադառնալու է արդարադատության փոխնախարարի պաշտոնին, որտեղ աշխատում էր մինչեւ ԱԺ պատգամավոր ընտրվելը»։ Թերթի թղթակցին, սակայն, չի հաջողվել ճշտել այդ լուրը անձամբ տիկին Պետրոսյանից, քանի որ վերջինս հրաժարվել է պատասխանել թերթի հարցին։

«Հայք»-ը «Պոկիր եւ շահիր» վերնագրի ներքո փոխանցել է. - «Մթության քողի տակ ոստիկանապետերն ու բարձրաստիճան ոստիկանները անձամբ են թռուցիկներ պոկում: Պատառոտում են այն թռուցիկները, որոնք իրազեկում են, որ նոյեմբերի 16-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք»: Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Սթար» սուպերմարկետին հարող շենքերի բնակիչները թերթին տեղեկացրել են, որ «ոստիկանները գրոհել են պատերի ու հենասյուների վրա` թռուցիկ պոկելու»: «Ահա նման ծանր պայմաններում է անցնում հայ ոստիկանների աշխատանքը», - հեգնել է «Հայք»-ն ու հավելել. - «Պատահական չէ, որ ՀՀԿ-ն, ի պատիվ ոստիկանների, իր համագումարն անցկացրեց սովետական միլիցիայի տոնին զուգահեռ, այն էլ՝ «Դինամո» մարզադահլիճում»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG