Մատչելիության հղումներ

Թուրք նախկին գերիներին մեղադրանք են առաջադրել


Վանի զինվորական դատարանը մեղադրանք է առաջադրել հոկտեմբերին հյուսիսային Իրաքում քուրդ ապստամբների կողմից գերեվարված եւ անցած շաբաթ ազատ արձակված 8 թուրք զինվորներին:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` դատարանը նրանց մեղադրում է «հրամանները չկատարելու մեջ, ինչը կարող էր հանգեցնել աղետալի հետեւանքների»:

Զինվորները ձերբակալված են: Նրանց փաստաբանը չի հայտնել, թե կոնկրետ ի՞նչ հրամաններ չեն կատարել 8 նախկին գերիները եւ ի՞նչ «աղետալի հետեւանքների» մասին է խոսքը: Նշվում է, որ 8 ամբաստանյալներն ունեն մեղադրանքը մեկ շաբաթվա ընթացքում բողոքարկելու իրավունք:

Հետաքննություն է սկսվել նաեւ Թուրքիայի խորհրդարանում քրդերի շահերը ներկայացնող Դեմոկրատական կուսակցության երեք պատգամավորների նկատմամբ, ովքեր մեկնել էին հյուսիսային Իրաք եւ միջնորդել 8 թուրք զինվորներին ազատ արձակելու հարցում: Սակայն «Ռոյթերզ»-ը չի հաղորդում` արդյոք նրանց նկատմամբ խափանման որեւէ միջոց ընտրվե՞լ է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG