Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Անահիտ Բախշյանին


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը որոշել է խորհրդարանի փոխնախագահի թափուր մնացած պաշտոնում առաջադրել խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Անահիտ Բախշյանը այսպես մեկնաբանեց խմբակցության որոշումը. - «Ժողովրդավարության տարրերից մեկն այն է, որ քաղաքական փոքրամասնությունը մասնակից լինի երկրի կառավարման գործընթացներին եւ պատասխանատվություն կրի նաեւ իր մասնակցությամբ: Մենք այս տեսակետը միշտ ունեցել ենք, արտահայտում ենք եւ այդ գիծը շարունակում ենք նաեւ այս պարագայում: Որեւէ առաջարկ, որեւէ սակարկություն իշխանության կողմից չի եղել այս առթիվ: Դա մեր դիրքորոշումն է, մեր գործելաոճն է»:

Հաղթելու իր հնարավորությունները գնահատելով «շատ փոքր»` Անահիտ Բախշյանը, միաժամանակ, հավելեց. - «Բայց առիթ է, որպեսզի մենք հնարավորություն ստանանք մեկ անգամ եւս ներկայացնելու մեր ծրագիրը, մեր տեսակետը երկրի կառավարման այն կարեւոր օղակում, ինչպիսին Ազգային ժողովն է: Շատ-շատ առումներով մեր տեսակետը արտահայտելու առիթը պետք է օգտագործենք»:

Այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ կարող է զբաղեցնել այն պաշտոնը, որը ժամանակին զբաղեցնում էր իր ամուսինը` 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանված փոխխոսնակ Յուրի Բախշյանը, Անահիտ Բախշյանը արձագանքեց. - «Դա զգացմունքային ոլորտից է, ես չեմ ուզում դա կապել իրար հետ: Ես ուղղակի իմ քաղաքացիական, հետեւողական քայլերով ուզում եմ ասել, որ իմ ամուսինը այս պետականության հիմքերում էր կանգնած, ես իր գործը շարունակողն եմ»:

Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը թափուր է մնում նոյեմբերի 6-ից, երբ այն զբաղեցնող` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Զաքարյանը նշանակվեց Վերահսկիչ պալատի նախագահ: «Բարգավաճ Հայաստան»-ը արդեն որոշել է այդ պաշտոնում առաջադրել մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանի թեկնածությունը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG