Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին կոչ է անում վերացնել արտակարգ դրությունը


Միացյալ Նահանգները կոչ է արել Վրաստանի իշխանություններին անհապաղ վերացնել երկրում 15 օրով հայտարարված արտակարգ դրությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասաց Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան, ով այսօր Թբիլիսում քննարկելու է Վրաստանում ստեղծված իրավիճակը երկրի իշխանությունների հետ:

«Ես նախագահ Սահակաշվիլիին եմ փոխանցելու պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի ուղերձը, որով մենք հորդորում ենք անհապաղ վերացնել արտակարգ դրությունը եւ վերականգնել բոլոր հեռուստաալիքների հեռարձակումները, քանի որ մենք գիտենք, որ դրանք այն կարեւորագույն քայլերն են, որոնք կապահովեն նախագահ Սահակաշվիլիի կողմից հունվարի 5-ին նշանակված արտահերթ նախագահ ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը», - ասաց Բրայզան:

Նշելով, որ Միացյալ Նահանգները ողջունել է նախագահ Սահակաշվիլու այդ քայլը, Մեթյու Բրայզան շեշտել է. - «Արտահերթ ընտրություններ նշանակելու` Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությունը հիշեցրեց մեզ, թե ռազմավարական տեսանկյունից Միացյալ Նահանգների համար որքան կարեւոր է Վրաստանի նվիրվածությունը ժողովրդավարությանը»:

Լրագրողի դիտարկմանը, թե նախագահ Սահակաշվիլին շարունակ պնդում է, որ նոյեմբերի 7-ին փրկվեց ոչ միայն Վրաստանի պետականությունը, այլեւ` ժողովրդավարությունը, եւ հարցին, հնարավո՞ր է արդյոք ժողովրդավարությունը փրկել մահակների ու արցունքաբեր գազի միջոցով, ամերիկացի դիվանագետը պատասխանել է. - «Ժողովրդավարությունը Վրաստանում հնարավոր է փրկել, եթե կառավարության եւ ընդդիմության պատասխանատու առաջնորդները միասին նստեն եւ մշակեն Վրաստանում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլեր»:

Ինչ վերաբերում է բուն նոյեմբերի 7-ի իրադարձություններին, Մեթյու Բրայզան ափսոսանք հայտնեց, որ իշխանությունները ուժ կիրառեցին ցուցարարների դեմ, սակայն, ըստ նրա, «ապագան ցույց կտա` արդյո՞ք դա հարված էր Վրաստանի ժողովրդավարությանը». - «Նոյեմբերի 7-ը շոկ էր, սակայն բազմաթիվ հնարավորություններ կան ողջ իրավիճակը հետ բերելու, եւ դրանցից առաջինը ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է»:

Ամերիկյան տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար հանդես են գալիս Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների նորմալացման օգտին, սակայն լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլեւ վերջին շրջանում է'լ ավելի է սրվել: Հոկտեմբերի վերջին ռուս խաղաղապահների հետ կապված միջադեպ տեղի ունեցավ Աբխազիայի Գանմուխուրի գյուղում, իսկ վերջին օրերի լարվածության համար նախագահ Սահակաշվիլին ուղղակիորեն մեղադրեց պաշտոնական Մոսկվային: Արձագանքելով այս դիտարկումներին, Մեթյու Բրայզան ասաց, թե «Վրաստանի կառավարությունը շատ լուրջ է վերաբերում այդ մեղադրանքներին»: Լարվածության աճը, մինչդեռ, Բրայզայի բնորոշմամբ` «տեղական բնույթի է»:

«Այս վերջին ճգնաժամի ընթացքում նախագահ Սահակաշվիլին ցուցաբերեց պետական այրի մոտեցում, եւ մենք հուսով ենք, որ այդպես կշարունակի առաջիկա շաբաթներին: Ես կարծում եմ, որ վրաց ժողովուրդը ուզում է տեսնել նույն ղեկավարությունը, որն իրեն առաջնորդել էր «վարդերի հեղափոխության» ժամանակ», - ասաց նա:

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Մոսկվան չի թելադրում վրաստանցի քաղաքական գործիչներին` ինչ անել, երբ եւ ինչպես, ժամեր չի ծախսում բացատրելու, թե ինչ են նրանք պարտավոր անել:

Փոխանցելով Վաշինգտոնի դիրքորոշումը` Բրայզան ասաց. - «Վրաստանը ինքնիշխան պետություն է, որն ունի ձեւավորված կառավարություն եւ նախագահ, ով վերջին ընտրություններում ստացել է ընտրողների քվեների 97 տոկոսը: Մենք նույնիսկ կարիքը չունենք հայտարարությունների, որոնք կբացատրեին, թե մենք Վրաստանին չենք ասում` ինչ անել: Մեզ համար Վրաստանը բարեկամ է, գործընկեր»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG