Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյան. «Ղարաբաղ» կոմիտեի գործը Տեր-Պետրոսյանի մոտ է»


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ուրբաթ օրը հայտարարեց, որ «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործը, որը անհետացել էր գլխավոր դատախազության արխիվից, գտնվում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, եւ նրան է հանձնվել 1996 թվականի նոյեմբերի 6-ին:

«Ես հանձնարարեցի, որպեսզի գործը արխիվից ներկայացնեն ինձ: Պարզվեց, որ գործը արխիվից բացակայում է», - լրագրողներին ասաց Աղվան Հովսեփյանը: - «Բնականաբար, ես նշանակեցի ծառայական քննություն: Պարզվեց, որ գործը դեռեւս 96 թվականի նոյեմբերի 6-ին այն ժամանակ քննչական մասի պետը գլխավոր դատախազի հանձնարարությամբ արխիվից ստացել եւ հանձնել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

«Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործի անհետացման փաստը, ըստ Աղվան Հովսեփյանի, դատախազությունում պարզել են հոկտեմբերի վերջին, երբ «Իրավունք» թերթը դատախազությունից գործի վերաբերյալ որոշ տեղեկություններ էր խնդրել:

«Մենք գրություն ենք ուղարկել Լեւոն Տեր-Պետրոսյանին` խնդրանքով, որ գործը վերադարձնի դատախազությանը», - փոխանցեց Հովսեփյանը: - «Քրեական գործերը օրենքով արգելված է, որ քննող մարմնից հանձնվի մեկ ուրիշ մարմնի: Նույնիսկ հանրապետության նախագահը իրավունք չունի օրենքով քրեական գործերը պահանջել եւ իր մոտ պահել: 96 թվականին դա տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումով»:

«Քրեական գործերը չեն կարող պահվել մեկ այլ մարմնի արխիվներում, առավել եւս` մասնավոր արխիվներում», - շարունակեց գլխավոր դատախազը: - «Կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այնքան խոհեմ կգտնվի, որ այդ գործը կվերադարձնի դատախազությանը»:

1996 թվականին Հայաստանի գլխավոր դատախազը Արտավազդ Գեւորգյանն էր: Աղվան Հովսեփյանը այն ժամանակ Գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերով քննիչ էր, եւ ընդգրկված էր «Ղարաբաղ» կոմիտեի նկատմամբ հարուցված քրեական գործը վարող քննչական խմբում:

Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դեռեւս պարզ չէ, թե այդ գործը Տեր-Պետրոսյանին հանձնած դատախազության պաշտոնյաների նկատմամբ ինչ պատիժ կկիրառվի (եթե կիրառվի): Նրա փոխանցմամբ, ծառայողական քննության արդյունքները առաջիկայում կհրապարակվեն:

Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հրաժարվեցին պարզաբանումներ տալ գլխավոր դատախազի հայտարարության կապակցությամբ:

«Ղարաբաղ» կոմիտեի 9 անդամների նկատմամբ քրեական գործը հարուցվել էր 1988 թվականի դեկտեմբերին: Կոմիտեի անդամներն ազատ էին արձակվել 1989-ին` «իրադրության փոփոխության պատճառով»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG