Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը «Ինչից է կախված է ժողովրդավարությունը» վերնագրի ներքո շեշտում է, որ «ժողովրդավարության մակարդակը տվյալ երկրում կախված չէ երկրի ղեկավարի անձից, նրա կրթական եւ մտավոր մակարդակից, նրա բարի կամ չար մտադրություններից»: «Ինչի՞ց է, ուրեմն, կախված ռեժիմի ժողովրդավար կամ ոչ ժողովրդավար լինելը», - իր իսկ հարցին թերթի խմբագիրը պատասխանում է. - «Շատ պարզ բանից. տվյալ երկրի բնակչությունը դնո՞ւմ է այդպիսի պահանջ, թե՞ չի դնում»: «Ակնհայտ է, որ, մասնավորապես, Հարավային Կովկասի պետությունների ժողովուրդները նման պահանջ չեն դնում: Հակառակ դեպքում իշխանությունները պարզապես չեն մարսի իրենց բռնապետական քայլերը: Մեր ժողովուրդներն իրենց պահանջները սահմանափակում են հիմնականում նյութապես «լավ ապրելով»` չգիտակցելով, որ դա բացարձակապես պետության եւ իշխանության գործը չէ: Նրանց առաքելությունն է ստեղծել պայմաններ, որ մենք մեր կարողությունների չափով աշխատենք` «լավ ապրելու» համար: Իսկ դա առանց ժողովրդավարության հնարավոր չէ», - պնդում է «Առավոտ»-ի խմբագիրը:

Անդրադառնալով Վրաստանի իրադարձություններին, «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դաշտում գործող որոշ ուժեր ու գործիչներ Վրաստանում տեղի ունեցած «վարդերի հեղափոխությունը» դարձրել էին քաղաքագիտության յուրահատուկ դասագիրք, որի ուսումնասիրության ճամփով մեր ժողովրդին նույնպես ցանկանում էին առաջնորդել նույն փորձությունների ճանապարհով։ Այժմ հետաքրքիր կլինի մեկ անգամ էլ հիշել նրանց հիացական գնահատականները։ Բայց առավել զավեշտականը այդ գնահատականների եւ ներկա իրողությունների համեմատությունն է լինելու»։

«Հայկական ժամանակ»֊-ը այլ տեսանկյունից է դիտարկում վրացական իրադարձությունները. - «Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք մեր երկրի համար նոր հնարավորություններ են բացում՝ տարածաշրջանային լիդեր դառնալու իմաստով: Խոսքը, իհարկե, Լեւոն Տեր֊-Պետրոսյանի՝ Հայաստանի նախագահ դառնալու հեռանկարի մասին է: Ստեղծված իրավիճակում նախագահի պաշտոնում Լեւոն Տեր֊-Պետրոսյանի ընտրվելը Հայաստանին գրեթե ավտոմատ կբերի տարածաշրջանային լիդերի կարգավիճակ, եւ մենք ետ կստանանք «Ժողովրդավարության կղզյակի» համարումը: Սա, ի դեպ, մի կարգավիճակ է, որի դերը դժվար է գերագնահատել, նաեւ այդ կարգավիճակն էր, որ Հայաստանին թույլ տվեց Լեռնային Ղարաբաղի հարցում ստանալ բացահայտ առավելություն: Կարծում ենք՝ այս իրադրությունը մանրամասն բացատրելու կարիք չկա, եւ կարծում ենք՝ Հայաստանը պետք է օգտագործի իր հնարավորությունը՝ մի բան, որ, ցավոք, չկարողացավ անել Վրաստանը»:

Իսկ «Առավոտ»֊ը հեգնում է. - «2004-իապրիլի 13-ին Քոչարյանը ցուցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ: Սահակաշվիլին` նաեւ ռետինե փամփուշտներ: Քոչարյանը փակել է մի հեռուստաընկերություն, Սահակաշվիլին` երկու: Հետեւաբար, Քոչարյանը ավելի մեծ «դեմոկրատ» է»:

«Հայք»֊-ը փաստում է. - «Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նախագահի թեկնածուն ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը: Եթե Սերժ Սարգսյանը վերջին ամիսների ընթացքում ընդամենը մեկ անգամ է իրեն նեղություն տվել պատասխանել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի ելույթներում հնչած գնահատականներին, այն էլ միայն նշել է, թե կգա ժամանակը, եւ կտա իր քաղաքական գնահատականները, Ռոբերտ Քոչարյանը ցանկացած առիթ օգտագործում է ազատ, բայց պատասխանատու հեռուստաալիքների եթերում հայտնվելու եւ առաջին նախագահին անցյալը հիշեցնելու մասին դատողություններ անելու համար: Մինչդեռ տարրական տրամաբանությունը հուշում է, որ առաջին նախագահի հետ բանավեճի մեջ պետք է մտներ ոչ թե մի քանի ամիս անց իր պաշտոնավարումն ավարտող մեկը, այլ հենց իշխանության հիմնական թեկնածու համարվող վարչապետը: Այս հանգամանքը տարբեր վերլուծաբանների եւ նաեւ շարքային քաղաքացիներին հիմք է տալիս ենթադրելու, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ կա ինչ-֊որ հակասություն, եւ վարչապետը դեմ է Քոչարյանի գործողություններին»:

«Չորրորդ իշխանություն»-֊ը գրում է. - «Լեւոն Տեր֊-Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանի մասին ասված մի քանի դրական խոսքերը մեծ աշխուժություն են առաջացրել իշխանական վերնախավում: Հիմնական լեյտմոտիվը սա է. - «Տեսնո՞ւմ եք, Լեւոն Տեր֊-Պետրոսյանն էլ է ասում, որ Սերժը իր օրոք լավ նախարար է եղել: Դե եթե այդքան լավ նախարար է եղել, ինչո՞ւ չի կարող նաեւ լավ նախագահ լինեք»: Թերթը մեկնաբանում է. - «Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը լավ նախագահի օրոք եղել է լավ նախարար, վատ նախագահի օրոք՝ վատ նախարար»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG