Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Վրաստանի կայունությունը կարեւորագույն խնդիր է Հայաստանի համար»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հինգշաբթի օրը, անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շեշտեց, որ հարեւան այդ երկրի կայունությունը Հայաստանի համար «կարեւորագույն խնդիր է»:

«Վրաստանը բարեկամ երկիր է, հարեւան երկիր է, եւ մենք կուզենայինք տեսնել կայուն երկիր», - երկօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի արտգործնախարար Պետրաս Վայտիեկունասի հետ համատեղ ասուլիսում ասաց Օսկանյանը` շարունակելով. - «Մոտիկից հետեւում ենք իրադարձություններին: Այս պահին ես միայն հույս կարող եմ հայտնել, որ հնարավոր կլինի կարճ ժամանակում հասնել քաղաքական հանգուցալուծմանը»:

Իսկ Օսկանյանի լիտվացի պաշտոնակիցը ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանից կմեկնի Վրաստան:

«Սա չնախատեսված այցելություն է: Տեղի ունեցող իրադարձությունները առիթ տվեցին Թբիլիսի այց ծրագրել», - ասաց նա: - «Մենք վրացիներին ուզում ենք հստակ եւ շատ ուժեղ ազդակներ հաղորդել, որ եվրոպական արժեքների ուղին է Վրաստանի համար ճշմարիտը: Իմ այցը առիթ կլինի ստեղծված նոր իրավիճակին արձագանքելու եւ ցույց տալու համար վրաց ժողովրդին, որ նրանք միայնակ չեն: Եվրոպական ուղին պետք է զերծ լինի բռնարարքներից»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մինչեւ ասուլիսը կայացած հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանը եւ Պետրաս Վայտիեկունասը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձել վրաստանյան իրադարձություններին:

Մտահոգություն հայտնելով առկա լարվածությամբ եւ կարեւորելով Վրաստանի կայունությունը` Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Եվրամիության եւ եվրոպական այլ կառույցների հետ համագործակցության զարգացումը, ինտեգրացիոն գործընթացների խորացումը կնպաստի տարածաշրջանի երկրներում քաղաքական համակարգերի կայունացմանը, իշխանություն - ընդդիմություն կառուցողական երկխոսության մշակույթի ձեւավորմանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG