Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի օրերս տեղի ունեցած այցը Երեւան, նրա ասուլիսն ու դասախոսությունը համալսարանում, ընդհանուր առմամբ տհաճ տպավորություն թողեցին։ Նախ եւ առաջ մի տեսակ «պապայական» խոսելաձեւի պատճառով, որը Դեւիսը չէր էլ փորձում թաքցնել։ Իբր, եկել է սպիտակամորթ մարդը աբորիգենների մոտ՝ տեսնելու, թե ինչպես են վերջիններս սովորել եվրոպական դասերը։ Դե, ձեզ տեսնեմ, պատմեք»։

«Առավոտ»-ը, հիշեցնելով, որ «Ռոբերտ Քոչարյանին դուր չի գալիս այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքականություն է վերադառնում «չարությամբ լցված», շեշտում է. - «Ոչ մի կերպ հնարավոր չէ ըմբռնել, թե ինչու է բարի Քոչարյանը այդքան թափանցիկ ու այդքան բացահայտ վրեժ լուծում գործարար Խաչատուր Սուքիասյանից` միայն այն բանի համար, որ վերջինս համարձակվել է օգտվել քաղաքական դիրքորոշում ունենալու իր խիստ բնական իրավունքից»: «Իսկ գուցե այստեղ ոչ մի չարություն էլ չկա՞, գուցե բարի Քոչարյանը պարզապես ցանկանում է մեծ բարություն անել հանրությանն ու նրան վերադարձնել Սուքիասյանի թաքցրած հարկե՞րը», - հեգնում է թերթը:

«Ժամանակ Երեւան»-ը հիշեցնում է, որ այսօր տեղի է ունենալու Լեւոն Տեր-Պետրոսյան - Րաֆֆի Հովհաննիսյան «պատմական հանդիպումը»: «Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարի իրացման համար: Ուստի այն, թե «Ժառանգություն»-ը ում կողքին կկանգնի եւ ում կօժանդակի` կարող է էական ազդեցություն ունենալ քաղաքական ուժերի դասավորության եւ քաղաքական պրոցեսների զարգացման առումով», - գրում է թերթը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG