Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 3-ը նոյեմբերի)

«Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխությանը, ըստ որի` նախագահի թեկնածու կարող է միայն տվյալ կուսակցությունը առաջադրել եւ ոչ թե կուսակցությունների դաշինքը, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը հիմնավորել է. - «Մեր մոտեցումն այն է, որ, ընդհանուր առմամբ, թեկնածուին պետք է առաջադրի այն կուսակցությունը, որը հստակ պատասխանատվություն է կրելու նրա գործունեության համար։ Այսինքն, հստակ ասելու է՝ սա իմ թեկնածուն է։ Մյուս կուսակցությունները, եթե ուզում են, կարող են պաշտպանել նրան»։ «Այլապես, պատկերը աղավաղվում է. հասարակությունը չի կողմնորոշվում` թեկնածուն, եթե ընտրվեց, ո՞ւմ ծրագիրն է իրականացնելու, ո՞ր կուսակցության քաղաքականությունն է առաջ տանելու», - համոզված է հանրապետական պատգամավորը:

«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանի տպավորությամբ` «Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթից եւ հատկապես հոկտեմբերի 26-ի հանրահավաքից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ ու պարզ դարձավ, որ իրականում ընդդիմության միասնական թեկնածուն հայտնի է, իսկ ահա իշխանական թեւը առաջիկա ընտրություններին մասնակցելու է մի քանի թեկնածուներով»։ «Ըստ էության, բոլոր այն «ընդդիմադիրները», ովքեր մտադիր են իրենց թեկնածություններն առաջադրել, ծառայում են նույն գործին՝ այն է՝ պառակտել ընդդիմադիր ընտրազանգվածը եւ հեշտացնել Սերժ Սարգսյանի աշխատանքը», - ընդգծել է մեկնաբանն ու թվարկել. - «Հատկապես ինտենսիվորեն «ռասկրուտկա» են արվելու Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը եւ Արթուր Բաղդասարյանը։ Որպես երկրորդ էշելոնի թեկնածուներ աշխատելու են Արամ Կարապետյանն ու Տիգրան Կարապետիչը, իսկ «ընդդիմության» անունից Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ քարոզչության գործառույթները ստանձնելու են կամ արդեն ստանձնել են Պարույր Հայրիկյանը, Շավարշ Քոչարյանը, Արամ Գասպարիչը եւ այլն»։ «Պատահական չէ, որ արդեն այս «ընդդիմադիրներից» շատերը հեռուստաէկրաններից չեն իջնում» , - արձանագրել-ամփոփել է թերթը։

«Հայկական ժամանակ»-ը արտատպել է հատվածներ «Ռեգնում» լրատվական գործակալության մի վերլուծականից, որում, մասնավորապես, անդրադարձ է արված նախագահական ընտրություններին ընդառաջ Հայաստանում հնարավոր զարգացումներին. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլերն ուղղված են «իշխանական բուրգի» աղյուսներից մի քանիսը դուրս քաշելուն, իսկ բուրգերը, տվյալ դեպքում՝ իշխանական եւ վարչական ապարատը, ինչպես հայտնի է, հեշտությամբ փլուզվում են»։ «Տեր-Պետրոսյանի մեկ այլ ծանրակշիռ հաղթաթուղթը Սերժ Սարգսյանի «թիմն» է կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը», - շեշտել է «Ռեգնում»-ի վերլուծաբանն ու թվարկել. - «ՀՀՇ-ական քաղաքական փախստակներ, մականունավոր «գործարարներ», ամբիցիոզ երիտասարդ քաղաքական գործիչներ, որ համախմբվում են ոչ թե գաղափարախոսության, այլ իշխանություն ունեցողի շուրջ»։ «Ի հակակշիռ սրան, առաջին նախագահի դիրքերը ավելի ամուր են, քանի որ իշխանություն չլինելով՝ նա իր շուրջ է հավաքել իրեն իսկապես նվիրված քաղաքական գործիչների, ինչը չի կարելի ասել Սարգսյանի մասին»», - հավելել է վերլուծաբանը:

«Ժամանակ Երեւան»-ի վերլուծաբանը, անդրադառնալով Իշխան Զաքարյանին Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրելու փաստին, գնահատել է. - «Քոչարյանը այս պաշտոնի համար ներկայացրեց իր վստահելի անձանցից մեկին` չնայած իր պաշտոնավարմանը մնացել է ընդամենը 3 ամիս, ըսկ Վերահսկիչ պալատի նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով: Եվ եթե ինքը իրոք առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանում եւ հավատում է Սերժ Սարգսյանի հաղթանակին, կարող էր այդ պաշտոնի ընտրությունը վստահել հանրապետական մեծամասնությանը»: Մինչդեռ, ըստ վերլուծաբանի, «Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանին նայում է ոչ թե որպես քաղաքական մարմնի, իշխանության առանձին օրենսդիր թեւի, որի հետ ինքը պետք է հաշվի նստի, որը կոչված է հակակշիռ լինելու գործադիր իշխանությանը, այլ իր անձնական որոշումները դակող մի օղակի»: «Եվ կարեւոր չէ, թե ինչ է գրված Սահմանադության մեջ», - հավելել է մեկնաբանը:

«Առավոտ»-ը, անդրադառնալով Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի ունեցվածքին, փաստագրել է. - «Թեեւ նախկին մարզպետը հավաստում է, որ ինքը բիզնես չունի, ցանկացած վանաձորցի անգիր գիտի նրան պատկանող բոլոր օբյեկտների անունները: Օրինակ, վանաձորցիներից շատերը նշում էին, որ մարզում գտնվող մի շարք հանքեր հենց Քոչինյանին են պատկանում, թեեւ վերջինիս բարեկամների ու հարազատների անուններով են»: Ըստ թերթի, Քոչինյանի ղեկավարման օրոք պետբյուջեից 50 միլիոն դոլար հատկացվել էր Ճոճկանի ջրագծի անցկացման համար, «սակայն այսօր Ճոճկանում ոչ ջուր կա, ոչ էլ փողը»: Ըստ վանաձորցիների, մարզպետի կողմից ապամոնտաժվել են նաեւ Վանաձորի կայարանից մինչեւ քաղաքի 3-րդ մաս տանող կամրջի սարքավորումները, Վանաձորից նախկին «Էլեկտրոն» գործարանի տարածք գնացող երկաթգծի 7-կիլոմետրանոց հատվածը, եւ այդ ամենը վաճառվել է:

«Ազգ»-ը «Սադիզմ Աբովյան փողոցում» վերնագրի ներքո փաստագրել է. - «Այն, ինչ երեկ պետհամալսարանի Աբովյան փողոցի «սեւ» մասնաշենքի դռների մոտ կատարվեց՝ սարսափելի էր, վայրագության աննկարագրելի երեւույթ»: «18-20 տարեկան սեւազգեստ տղաների հսկայական ծավալի շուրջկալը արդեն չարագուշակ էր թվում առաջին իսկ հայացքից: Հանկարծ շուրջկալածների 30-ից ավելի խումբը վայրագաբար հարձակվեց իրենց մեջ կանգնածներից մեկի՝ «դատապարտյալի» վրա, ու բոլորը մեկ մարդու պես ոտքերով անխնա սկսեցին հարվածել գետնին տապալվածին», - նկարագրել է թերթն ու պարզաբանել. - «Ոհմակային մտածողությամբ այս տղաները պետք է ենթադրել, որ համալսարանի ուսանողներից են: Ահավասիկ, դատաստան տեսնելու բնազդային, կենդանական, վայրենի մեթոդ, այն էլ՝ փողոցում, բոլորի աչքի առաջ: Եվ ոչ մի անցորդ չարձագանքեց, որեւէ միջամտություն չեղավ, օրենքի որեւէ «պահապան» մոտ չեկավ»: «Անտարբերությո՞ւն է, թե՞ վախ», - երկմտել-ամփոփել է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG