Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ը, անդրադառնալով Վերահսկիչ պալատի ստեղծման եւ դրա նախագահի նշանակման շուրջ ծավալված իրադարձություններին, գրում է. - «Վերջապես ավարտվեց այդ յուղոտ պաշտոնի շուրջ գզվռտոցը` Իշխան Զաքարյանը հասավ իր մուրազին, իսկ այդ աթոռի մյուս հավակնորդին` հարկայինի նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանին, որպես «մխիթարական պարգեւ», տրվեց ազգային անվտանգության պետի տեղակալի պաշտոնը»: «Թվում է, թե իր պաշտոնավարման ավարտին գոնե Քոչարյանը որոշակի ինքնուրույնություն պետք է շնորհեր Գագիկ Ծառուկյանին` նրան թողնելով որոշելու որոշ մանր կադրային հարցեր: Ասենք` որոշելու, թե ով է զբաղեցնելու ԲՀԿ-ին տրամադրված ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը», - նշում է թերթը` հավելելով. - «Սակայն հերթական անգամ ականատեսն ենք լինում, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը պետական պաշտոնների հետ վերաբերվում ինչպես իր անձնական ունեցվածքի հետ, եւ դրանք որպես նվեր բաժանում իր մերձավոր շրջապատին կամ դրանց քավոր-սանիկներին»:

«Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով Հանրապետական կուսակցության` նոյեմբերի 10-ին կայանալիք համագումարին, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է. - «Մարդիկ` խոսքը միայն հանրապետականների մասին չէ, սպասում են, որ Հանրապետականը թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: Դրա համար կան ե’ւ պատճառներ, ե’ւ հասարակական պահանջ»:

«Քաղաքականություն վերադարձած Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին թվում է, թե հենց իրենք են երկրի փրկիչները, եւ միայն իրենց համար պետք է ծնծղա խփեն բոլորը` դրա համար որեւէ լուրջ փաստարկ չներկայացնելով», - «Ազգ»-ի մեկնաբանը, այսպես որակելով նախկին նախագահի կողմնակիցների վարքագիծը, հարցրել է. - «Ես ինչո՞ւ պետք է հավատամ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը փոխվել է եւ իշխանության գալու դեպքում չի վերականգնելու բավական ռեակցիոն մթնոլորտը, որտեղ «ով իրենց հետ չէր, իրենց դեմ էր», երբ պաշտոնների էին նշանակում «թող պոլի փետ լինի, բայց մեզնից լինի» կարգախոսով, երբ որեւէ խելացի մարդու շարքից հանել չկարողանալու դեպքում «սլուխներ» էին տարածում, թե «գեբեշնիկ» է: Եվ այդ տարիների թացնուչորը տեսած մեր ժողովուրդն ինչո՞ւ պետք է հավատա դատարկ խոսքին»։

«Այսօր թե՛ քաղաքական ուժերը եւ թե՛ հասարակությունն ընդհանուր առմամբ սկսում են ավելի ու ավելի հասկանալ, որ Հայաստանը պարզապես ռեսուրս չունի զարգանալու ներկայիս ռեժիմով», - իր հերթին պնդել է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն ու թվարկել. - «Այսօր մեզ պետք են ազատ շուկայական հարաբերություններ, երբ դոլարի եւ այլ ապրանքների գները բնական են եւ ոչ թե նախագահականից «նշանակված», երբ բենզին ու շաքար բերելու հնարավորություն ունեն բոլոր գործարարները, ոչ թե բարձրագույն իշխանավորների ֆավորիտները, երբ հարկային օրենքները միանման են կիրառվում բոլոր տնտեսավարողների նկատմամբ: Մեզ պետք են անկախ, ոչ մի բանից չվախեցող դատավորներ: Մեզ պետք են ազատ հեռուստաընկերություններ, որտեղ այդ բոլոր խնդիրները հանգիստ եւ անկաշկանդ քննարկվում են»: «Դա «Արեւմուտքի պահանջ» չի, լիբերալների քմահաճույքը չի, առավել եւս՝ Ռոբերտ Քոչարյանի անձի դեմ ուղղված թշնամական ակցիա չի (ինչպես որ ինքն է կարծում): Դա մեր պետության գոյատեւման նախապայմանն է», - բխեցրել է խմբագրականը:

«Հայկական ժամանակ»-ը պնդել է, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ ներառված Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխությունները իրենց մեջ ներառում են այնպիսի դրույթներ, որոնք ուղղված են կոնկրետ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ»։ «Առաջարկվում է Ընտրական օրենսգրքից հանել կուսակցությունների դաշինքի եւ քաղաքացիական նախաձեռնության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու համակարգը` պարտադրելով, որպեսզի նախագահի թեկնածուն առաջադրվի մեկ կուսակցության կողմից կամ ինքնաառաջադրման սկզբունքով: Այսինքն, երբ ի վերջո կազդարարվի, որ ընդդիմության միասնական թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, այդ փաստը քվեաթերթիկներում արտացոլված չի լինի: Նման գործելաոճով ՀՀ իշխանությունները կրկին անգամ ապացուցում են, որ իրենց պատած խուճապը ինչերի ասես, որ իրենց չի դրդի»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG