Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից հրավիրում է 70 դիտորդի


Դեկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար Ռուսաստանը ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակից (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրավիրում է ընդամենը 70 դիտորդի:

Ինչպես «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Իգոր Բորիսովը, այսօր հրավերներ են հղվել 300-400 օտարեկրյա դիտորդների:

Բացի ԵԱՀԿ-ի դիտորդներից, դեկտեմբերի 2-ին անցկացվելիք ընտրություններին կհետեւեն դիտորդներ ԱՊՀ-ից եւ մի շարք օտարերկրյա պետություններից, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հորդանանից եւ Լեհաստանից:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ հրավիրվող դիտորդների թիվը այս տարի երեք անգամ փոքր է Ռուսաստանի նախորդ` 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ, երբ միայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացնող դիտորդների թիվն էր մոտ 400:

Ռուսաստանը վերջերս հանդես է եկել ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունների գործունեության սահմանափակման նախաձեռնությամբ` առաջարկելով, մասնավորապես, ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ-ի առաքելությունների թվակազմը կրճատել` դարձնելով այն 50 մարդուց ոչ ավելի, եւ այդ առաքելություններին արգելել «տվյալ երկրի ընտրական միջավայրին որեւէ հրապարակային գնահատական տալը» մինչեւ ընտրություների արդյունքների պաշտոնական հրապարակումը:

Ռուսաստանի այս նախաձեռնությանը միացել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG