Մատչելիության հղումներ

Աբխազիայում կհանդիպեն «չճանաչվածները»


Այսօր Սուխումիում նախատեսված է Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի ղեկավարների հանդիպումը, որը կանցնի «Հանուն ժողովրդավարության եւ ազգերի իրավունքների ընկերության» գագաթնաժողովի շրջանակներում:

Այդ երեք չճանաչված հանրապետությունների նախագահները՝ Սերգեյ Բաղապշը, Էդուարդ Կոկոյտին եւ Իգոր Սմիրնովը «Հանուն ժողովրդավարության եւ ազգերի իրավունքների ընկերությունը» ստեղծելու մասին համատեղ հռչակագիր են ստորագրել 2006 թվականի հունիսի 14-ին:

Հռչակագրում նրանք ընդգծել են, որ ընկերության նպատակն է «Աբխազիան, Հարավային Օսիան եւ Մերձդնեստրը միջազգային իրավունքի ենթակա դարձնելու միջոցով ավարտին հասցնել Խորհրդային Միության կազմալուծման քաղաքական-իրավական ձեւակերպումը»:

Ընկերությունը ստեղծելու հիմքում երեք կազմավորումների միջեւ կնքված պայմանագրերն են. Աբխազիայի եւ Մերձդնեստրի միջեւ 1993 թվականի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի միջեւ 1994 թվականի եւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջեւ 2005 թվականի բարեկամության պայմանագրերը:

Հռչակագրում նաեւ ասված է, որ երեք կազմավորումները դատապարտում են հարցը ուժով լուծելու` Վրաստանի եւ Մոլդովայի պատրաստակամությունը. - «Առանց Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի ժողովուրդների կարծիքը հաշվի առնելու խաղաղապահ գործողությունների ձեւաչափը փոխելու փորձերը կհանգեցնեն անկանխատեսելի հետեւանքների, ինչի համար ամբողջ պատասխանատվությունը Վրաստանի եւ Մոլդովայի իշխանություններն են կրելու»:

Երեք չճանաչված կազմավորումները ժամանակին համագործակցության առաջարկ են արել նաեւ Լեռնային Ղարաբաղին, սակայն Ստեփանակերտը՝ չմերժելով համագործակցության հնարավորությունը, այնուամենայնիվ, հրաժարվել է պաշտոնապես միանալ կառույցին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG