Մատչելիության հղումներ

Հարցաքննվել են անցած շաբաթ բերման ենթարկված ընդդիմադիրները


Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ոստիկանության քննչական բաժնում հարցաքննվեցին ընդդիմադիր ուժերի հանրահավաքին մասնակցելու կոչ անելիս անցած շաբաթ իրավապահների հետ բախմանը մասնակցած «Այլընտրանք» նախաձեռնության անդամները, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել հոկտեմբերի 24-ին:

Հարցաքննվածներից «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանի կարծիքով, մեծ է հավանականությունը, որ հենց վաղն էլ մեղադրանք առաջադրեն իր նկատմամբ:

«Անպայման վաղը ինձ կանչելու են, որպեսզի ինձ տան ոչ թե կասկածյալի, այլ մեղադրյալի կարգավիճակ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մաթեւոսյանը:

Դա չբացառեց նաեւ Մաթեւոսյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը. - «Ավելի քան հակված եմ նրան, որ բոլոր դեպքերում մեղադրանքը կառաջադրեն` անկախ նրանից, թե ապացույցները որքանով են օբյեկտիվ, ռեալ իրականությունը ներկայացնում»:

Հարցաքննվածներից Շողեր Մաթեւոսյանը եւ Պետրոս Մակեյանը հրաժարվել են ցուցմունք տալ:

«Ես այսօր չհրաժարվեցի ցուցմունք տալուց», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: - «Հիմա իրենք ուզում են ցույց տալ, որ իբր մեր երթի հետեւանքով փակված է եղել երթեւեկությունը, եւ այլն, եւ այլն: Երկու վկա են գտել. մեկը ոստիկան է, մյուսն էլ այնպիսի մեկը, որին ես ճանաչում եմ նախկինից եւ միջնորդել եմ հոգեբուժական փորձաքննության ենթարկել»:

Ուրբաթ օրվա հանրահավաքի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել էր. - «Այսուհետեւ իմ կողմնակիցների նկատմամբ գործադրված որեւէ բռնություն... դիտվելու է որպես քաղաքացիների ընտրական իրավունքի հանդեպ գործված հանցավոր խախտում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG