Մատչելիության հղումներ

Համանախագահները նոր առաջարկներ չեն արել


«Վերջին այցերի ընթացքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները որեւէ նոր առաջարկ չեն արել», - ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նա հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկումները ընթանում են նախկին բազային սկզբունքների հիման վրա: Դեռեւս բաց են մնում որոշ պահեր, որոնց շուրջ էլ, ըստ Մամեդյարովի, համանախագահները փոխզիջումների ուղիներ են փնտրում:

APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ պաշտոնական Բաքուն սպասում է Երեւանում համանախագահների վարած բանակցությունների արդյունքներին, եւ «եթե համանախագահները արտգործնախարարների մակարդակով հանդիպման անհրաժեշտություն տեսնեն, Ադրբեջանը պատրաստ է դրան»:

Միաժամանակ, Մամեդյարովը վերահաստատել է Ադրբեջանի դիրքորոշումը, ըստ որի` ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին` որպես Ադրբեջանի քաղաքացիների, մենք կարող ենք տրամադրել միայն ինքնավարության բարձր կարգավիճակ», - հայտարարել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG