Մատչելիության հղումներ

Բաքվում` ահաբեկչության վտա՞նգ


«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդում է, որ Բաքվում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունն այսօր աշխատում է հատուկ ռեժիմով:

Day.az էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ` «վստահելի աղբյուրները հայտնել են, որ դեսպանատունը տեղեկություն է ստացել ահաբեկչական հարձակման հնարավորության մասին»: Երեկ ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի մայրաքաղաքում անվտանգության թեման:

Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության լրատվական ծառայության ղեկավար Ջոնաթան Հենիքը հաստատել է դեսպանատան գործունեության որոշակի սահմանափակման փաստը. - «Այսօր դադարեցվել է հյուպատոսական բաժնի աշխատանքը, այցելուների ընդունումն ու վիզաների տրամադրումը, սակայն դեսպանատունը շարունակում է գործել»:

Ադրբեջանական աղբյուրների համաձայն, արտակարգ ռեժիմով է աշխատում նաեւ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, սակայն բրիտանացիների կողմից այդ կապակցությամբ պաշտոնական հաստատում դեռ չի եղել:

Բացի այդ, հաղորդվում է, որ Բաքվում փակ է British Petroleum նավթարդյունաբերող ընկերության գրասենյակը: Ծառայողներին հասցեագրած հատուկ նամակում BP-Azerbaijan-ը պաշտոնապես ծանուցել է, որ «ընկերությունը ադրբեջանական պետական անվտանգության ծառայությունների հետ մշտական կապի մեջ է», ձեռնարկվում են «աշխատակիցների անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները»:

Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո ծառայությունը խոստացել է մինչեւ երեկո լրացուցիչ տեղեկություններ հաղորդել ստեղծված իրավիճակի մասին:

Լրատվական գործակալությունները նշում են, որ վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանում բավական ակտիվացել են վահաբականները՝ մահմեդական մոլեռանդներ, ովքեր հաճախ են համալրում աշխարհի տարբեր երկրներում գործող մահմեդական ահաբեկչական խմբավորումների շարքերը:

Մասնավորապես, օրերս Մաշթաղա գյուղում անվտանգության ծառայություններն իրականացրել են հատուկ գործողություն, որի ընթացքում սպանվել է վահաբականների շարժման մեկ անդամ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG