Մատչելիության հղումներ

Հյուսիսային Իրաք զորք մտցնելու պահանջով բազմահազարանոց ցույցեր` Թուրքիայում


Անցած շաբաթ եւ կիրակի օրերին Թուրքիայի մի շարք քաղաքներում բազմահազարանոց ցույցեր էին կազմակերպվել, որոնց մասնակիցների պահանջը մեկն էր` թուրքական բանակը պետք է շուտափույթ կերպով մուտք գործի հյուսիսային Իրաք` Քրդական աշխատավորական կուսակցության հենակետերը ոչնչացնելու համար:

Թուրքիայի քրդական շրջանակներում անցած օրերին հակառակ տեսակետն էր հնչում: Թուրքական «Քուրդիստանի» մայրաքաղաքը համարվող Դիարբեքիրում շաբաթ օրը հրապարակվել է տեղի Առեւտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը: Պալատի նախագահ Մեհմեթ Քայան, մասնավորապես, հայտարարել է. - «Մենք հավատացած ենք, որ բանակի մուտքը հյուսիսային Իրաք ավելի կբարդացնի իրավիճակը` նոր խնդիրներ ստեղծելով: Ռազմական գործողությունը կարող է երկարաժամկետ խնդիրների ի հայտ գալու պատճառ դառնալ»:

Այդուհանդերձ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Հանրապետության օրվա առթիվ կիրակի օրը կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է. - «Մենք որեւէ մեկի կարծիքը չենք հարցնի, եթե որոշենք զորքեր ուղարկել հյուսիսային Իրաք»:

Միացյալ Նահանգների իշխանություններն անցած օրերին շարունակում էին համոզել թուրք գործընկերներին, որ ռազմական գործողությունները հյուսիսային Իրաքում որեւէ լավ արդյունքի չեն հանգեցնի:

Անկարայում, ի վերջո, որոշել են փոքր զիջման գնալ: Թուրքական բանակի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթը հայտարարել է, որ մինչեւ նոյեմբերի 5-ը թուրքական զորքերը Իրաքի տարածք մուտք չեն գործի. այդ օրը Թուրքիային վարչապետին Վաշինգտոնում ընդունելու է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG