Մատչելիության հղումներ

«Չորրորդ իշխանություն» թերթի թղթակիցը տեղափոխվել է հիվանդանոց


Այսօր «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատանը ուշագնաց է եղել եւ հիվանդանոց տեղափոխվել թերթի թղթակից Գոհար Վեզիրյանը, ում իրավապահները ծեծի էին ենթարկել հոկտեմբերի 23-ին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, Վեզիրյանը այսօր եկել էր խմբագրություն, բայց գլխապտույտ է զգացել ու ուշագնաց եղել, եւ իրենք շտապօգնություն են կանչել:

Մաթեւոսյանի կարծիքով, դա հետեւանք է հոկտեմբերի 23-ի դեպքերի. - «Այդ օրվանից ինքը փաստորեն ոչ միայն աշխատունակ չէ, այլեւ չի էլ կարողանում նորմալ իր մտքերը ձեւակերպել»:

Նա ասաց, որ կարմիրբերետավորները հարվածել էին Վեզիրյանի գլխին. - «Մի քանի անգամ խփել են գլխին ոտքերով»:

Շտապօգնության բժիշկ Լուսինե Գյոզալյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, հետեւյալը. - «Ուշագնացության պատճառը, ամենայն հավանականությամբ, ուղեղի ցնցումն է... Այն, ինչ ինքը նկարագրում է, նման է ուղեղի ցնցման: Հիվանդանոցում կհետազոտենք, տեսնենք ինչ փոփոխություններ կան, կա՞ն ոսկրային վնասվածքներ, թե՞ չէ»:

Գոհար Վեզիրյանին իրավապահները ծեծի էին ենթարկել երեքշաբթի օրը, երբ Աբովյան եւ Կորյուն փողոցների հատման կետում քաշքշուկ էր տեղի ունեցել բարձրախոսով մարդկանց հանրահավաքի մասնակցելու կոչ անող «Այլընտրանք» ընդդիմադիր նախաձեռնության անդամների եւ ոստիկանների միջեւ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG