Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանին վաղաժամկետ ազատելու հարցը «կլսվի, երբ որ տույժը մարվի»


Անցած տարի կալանավորված եւ դատարանի որոշմամբ 1,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի վաղաժամկետ ազատման հարցը համապատասխան հանձնաժողովը չի քննի իր հաջորդ նիստում, որը կայանալու է գալիք նոյեմբերին:

«Քրեակատարողական օրենսգրքով նախատեսված է պայմանական վաղաժամկետ ազատման ժամանակը լրանալուն պես մեկ ամսվա ընթացքում լսել տույժ չունեցող եւ դրական բնութագրվող դատապարտյալի հարցը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր պարզաբանեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Սամվել Պետրոսյանը: - «Բնական է` տույժ ունեցող դատապարտյալի հարցը չի լսվելու: Սեֆիլյանը հարցը կլսվի, երբ որ տույժը մարվի»:

Իսկ տույժը, Պետրոսյանի փոխանցմամբ, կմարվի այն ստանալուց վեց ամիս հետո:

Հոկտեմբերի 17-ին, երբ ստուգում էին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվող Ժիրայր Սեֆիլյանի անձնական իրերը, խոսակցություն է տեղի ունեցել Սեֆիլյանի եւ Սամվել Պետրոսյանի միջեւ, որի ընթացքում Սեֆիլյանը հայտարարել է, թե «Հայաստանում դատարաններ ու դատավորներ չկան եւ բոլորը քաղաքական պատվեր կատարող շարքային կաշառակերներ են»: Պերտոյանը հաջորդ օրը միջադեպի վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել իր ղեկավարին` նշելով, որ դատապարտյալ Սեֆիլյանը «վիրավորանք է հասցրել պետականությանը եւ իր հետ «դու»-ով է խոսել»: Արդյունքում քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը նկատողություն է հայտարարել Ժիրայր Սեֆիլյանին:

Սեֆիլյանը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման` ապօրինի զենք կրելու մեղադրանքով. պատժի ժամկետը լրանում է 2008 թվականի մայիսին: Եվ եթե հանձնաժողովը նոյեմբերին չանդրադառնա նրա խնդրին, հետո արդեն անիմաստ կլինի վաղաժամկետ ազատ արձակելու մասին հարց բարձրացնելը:

Պետրոսյանը, այդուհանդերձ, չի բացառում, որ «օրինապահ վարքագծի համար ժամկետից շուտ հանվի նրա [Սեֆիլյանի] ստացած տույժը»:

Իսկ երկրի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Մալխասյանին ժամկետից շուտ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը, ինչպես վստահեցրեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը եւ պետի տեղակալ Սամվել Պետրոսյանը, կներկայացվի համապատասխան հանձնաժողովին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցածը քաղաքական հետապնդում կամ պատվեր է, Ժիրայր Սեֆիլյանը այսօր պատասխանեց. - «Մեր ամբողջ գործը պատվեր է: Մեզ ձերբակալել են պատվերով... Իրենք իրենց գործն են անում, մենք մեր գործը շարունակելու ենք անել»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG