Մատչելիության հղումներ

Թուրքական զինուժը վերջին օրերին առնվազն երկու անգամ ներխուժել է հյուսիսային Իրաք


Թուրքական օդուժը եւ հետեւակը վերջին օրերին առնվազն երկու անգամ ներխուժել են Իրաքի հյուսիսային շրջանները եւ հարվածներ հասցրել քուրդ գրոհայիններին, ինչի հետեւանքով սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության 34 զինյալ: Մարտական գործողությունները տեղի են ունեցել կիրակի եւ երեքշաբթի օրերին` երեկոյան ժամերին:

Թուրքական բանակի աղբյուրները «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել են, որ մարտական օդուժը Իրաքի տարածքի վրա թռիչքներ է կատարել` 20 կիլոմետր մտնելով Իրաքի օդային տարածքը, իսկ ցամաքային զորքերը` 300 զինվորների ստորաբաժանումը, իրաքյան տարածքում խորացել է մոտ 10 կիլոմետր:

Թուրքական բանակի անանուն սպան ասել է, որ մարտական գործողություններից հետո զորքերը վերադարձել են Թուրքիայի տարածք: Նրա խոսքերով, ակնկալվում է, որ Իրաքի հյուսիսում մարտական գործողությունները կշարունակվեն:

Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հաստատել է օդուժի կողմից հյուսիսային Իրաքում քուրդ գրոհայինների ճամբարներին հարվածներ հասցնելու մասին տեղեկատվությունը:

Այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը սպայակույտի եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ անցկացնում է ազգային անվտանգության խորհրդի նիստ` քննարկելու թուրքական բանակի հնարավոր գործողությունները քուրդ գրոհայինների դեմ:

Իրաքի հետ Թուրքիայի սահմանին ներկայումս 100-հազարանոց թուրքական բանակ կա: Անցած շաբաթավերջին քուրդ գրոհայինները հարձակվել էին թուրքական զորքերի վրա` սպանելով 12 զինծառայողի: Երեկ նրանց հուղարկավորությունն էր:

Զինվորների սպանությունը ավելի շիկացրեց մթնոլորտը, Թուրքիայում բազմահազարանոց ակցիաներ անցկացեցին, ուր իշխանություններին կոչ էր արվում մարտական գործողություններ սկսել քուրդ գրոհայինների դեմ:

Իրաքը ձգտում է կանխել թուրքական բանակի ներխուժումը: Վարչապետ Նուրի ալ-Մալիքին խոստացել է հյուսիսային Իրաքում վերացնել քուրդ ապստամբների հենակետերը եւ կանխել նրանց հարձակումները Թուրքիայի վրա:

Առաջիկա օրերին Իրաքը պատրաստվում է բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել Անկարա` քննարկելու համար այդ խնդիրը: Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, ով նոր է վերադարձել Բաղդադից, ասել է. - «Մենք ակնկալում ենք, որ նրանք կգան կոնկրետ առաջարկներով, հակառակ դեպքում` այցելությունը իմաստ չի ունենա»:

ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը, իր հերթին, հայտարարել է. - «Վաշինգտոնը հասկանում է Թուրքիային, որը հարձակումների է ենթարկվում քուրդ գրոհայինների կողմից, եւ համաձայն է, որ հարձակումների ենթարկվող որեւէ երկիր խիստ պատասխանի իրավունք ունի»:

Նա ասել է, որ խնդիրը լուծելու լավագույն ճանապարհը Թուրքիայի եւ Իրաքի համագործակցությունն է, միաժամանակ նշելով, որ Իրաքը եւ երկրի հյուսիսային` քրդական շրջանների իշխանությունները պետք է ավելին անեն:

«Իրաքի քուրդ քաղաքացիների շահերից է բխում, որ դադարեցվեն ահաբեկչական հարձակումները եւ Թուրքիան ու Իրաքը լավ հարեւաններ դառնան», - ընդգծել է ամերիկացի դիվանագետը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG