Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը ընդունել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին (Ռուսաստան):

Համաձայն արտգործնախարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, Սերգեյ Կապինոսը 1999-2003 թվականներին եղել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն խորհրդականը, այնուհետեւ` նախարար-խորհրդական:

51-ամյա դիվանագետը ծագումով Ուկրաինայից է: Դիվանագիտական կրթություն ունի, աշխատել է Խորհրդային Միության, այնուհետեւ` Ռուսաստանի արտգործնախարարության համակարգում: 2003 թվականից մինչ օրս պաշտոնավարել է որպես Ռուսաստանի արտգործնախարարության Կովկասյան տնօրինության պետի տեղակալ:

Վարդան Օսկանյանը հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի հետ ավանդական արդյունավետ եւ օգտակար գործակցությունը կշարունակվի:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի, մասնավորապես, ոստիկանության հետ իրագործվող բարեփոխումների շարունակականությունը, Սյունիքում բացված ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից աղքատության կրճատման, սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացումը:

Սերգեյ Կապինոսը ներկայացրել է ԵԱՀԿ-ի տարածաշրջանային գրասենյակների հավաքի արդյունքները` նշելով կազմակերպության գլխավոր քարտուղարի դրական գնահատականը երեւանյան գրասենյակի գործունեության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG