Մատչելիության հղումներ

Ստերիլիզացու՞մ, թե՞ ոչնչացում. Հայաստանում հարցը լուծվում է յուրահատուկ տարբերակով


«Եթե բաց թողնենք, բացառված չէ, որ շուն որսացողները նրանց եւս կսպանեն, իրենց համար կարեւորը հանձնելն է` չեն նայում, շունը ստերիլիզացված է, թե ոչ»,- ասում է Նունե Մեհրաբյանը:

Մինչեւ 2006 թվականը «Փրկենք կենդանիներին» հասարակական կազմակերպությունը միակն էր, որ կատարում էր թափառող շների ստերիլիզացիան` չլինելով պետական հովանավորության ներքո:
Քաղաքապետարանը մինչեւ 2006 թվականը գումար էր հատկացնում միայն թափառող կենդանիներին ոչնչացնելու համար:

2006 թվականից, սակայն, քաղաքապետարանը որոշում է ոչնչացնելու հետ միասին նաեւ ստերիլիզացնել կենդանիներին: Հայտարարված մրցույթը շահում է «Յունիգրաֆ Իքս» կազմակերությունը, որը եւ կատարում է ստերիլիզացիա: Կա՞ արդյոք որեւէ երաշխիք, որ չեն կրակի նաեւ ստերիլիզացված շանը հարցին, «Յունիգրաֆ իքս» ընկերության տնօրեն Մուշեղ Փոթիկյանը բացասական պատասխան է տալիս. - «Մենք ստերիլիզացված շներին կարմիր եւ կապույտ վզկապներ ենք կապում, սակայն հնրավոր է, որ մթությամ մեջ դրանք չնկատվեն»:

Նունե Մեհրաբյանն ասում է, որ սա աբսուրդին մոտ իրավիճակ է. -
«Այդքան գումար ծախսել ստերիլիզացնելու վրա, եթե իհարկե ստերիլիզացնում են, եւ հետո պարզապես ոչնչացնե՞լ… աբսուրդ է: Ես դեռեւս վզկապներով, այսինքն ստերիլիզացված շուն չեմ տեսել փողոցներում: Մենք արդեն Եվրախորհրդի դռներն ենք ծեծում, մինչդեռ քաղաքակիրթ եւ ոչ մի երկրում թափառող կենդանիներին չեն սպանում»:

Քաղաքապետարանը 70 միլիոն դրամ է հատկացնում երկու կազմակերպություններին: Ե’վ ֆինանսավորումը, ե’ւ արդյունքների ստուգումը կատարում է նույն մարմինը` քաղաքապետարանը, ավելի ճիշտ` քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչությունը:

Նունե Մեհրաբյանն իրավիճակի մասին հետեւյալ կարծիքն է հայտնում. - «Ո՞վ է հաշվում քանի շուն են ստերիլիզացրել, դա վերահսկելը անհնար է, կարող են մեկը անել, տասը ցույց տալ»:

Հայաստանի Հանրապետությունը կենդանիների պաշտպանության, ինչպես նաեւ թափառող կենդանիների մասին որեւէ օրենք չունի:

«Իրերի այսպիսի դրությունը առնվազն 3 տարի չի փոխվելու», - տեղեկանում ենք քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանից:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG