Մատչելիության հղումներ

Մահմուդ Ահմադինեժադը նախատեսվածից շուտ վերադարձավ Իրան


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր նախատեսվածից շուտ ընդհատեց պաշտոնական այցը Հայաստան եւ վերադարձավ հայրենիք:

Առավոտյան Ահմադինեժադը պետք է այցելեր Ծիծեռնակաբերդ եւ ծառ տնկեր ցեղասպանության թանգարան - ինստիտուտին հարող պուրակում, ինչից հետո այցելելու էր Կապույտ մզկիթ: Այս այցերը, սակայն, ինչպես նաեւ Իրանի նախագահի այցելությունը Ազգային ժողով, չկայացան:

Խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ առավոտյան նախաճաշ-հանդիպման ժամանակ Մահմուդ Ահմադինեժադը Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին տեղեկացրել է, որ նույն օրը նախատեսված իր ելույթը Հայաստանի խորհրդարանի նիստում չի կայանալու` դա պայմանավորելով իր երկրում ծագած ներքին խնդիրներով:

Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Մահմուդ Ահմադինեժադը Իրան է վերադառնում անհետաձգելի պատճառներով:

Ըստ խոսնակի, Հայաստանի եւ Իրանի նախագահները երեկ երեկոյան համատեղ համաձայնությամբ պայմանավորվել են, որ այցի ծրագիրը փոխվում է, եւ Մահմուդ Ահմադինեժադը նախատեսվածից շուտ է վերադառնում հայրենիք:

Վիկտոր Սողոմոնյանը վստահեցրեց, որ դա բանակցությունների բովանդակության վրա չի ազդել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը եւ Մահմուդ Ահմադինեժադը բոլոր հարցերը արդեն քննարկել են:

Հայաստանում Իրանի դեսպանատնից առայժմ չի հաջողվում պարզել տեղի ունեցածի պատճառները:

Շաբաթ օրը Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների մասնակից Ալի Լարիջանին հրաժարական է տվել, եւ նրան փոխարինել է Ահմադինեժադի մերձավոր Սաիդ Ջալիլին, ով այսօր Հռոմում հանդիպելու է Եվրամիության արտաքին գործերի հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ:

Ինչպես «Ֆրանսպրես»-ին ասել է անանուն դիվանագիտական աղբյուրը, այցի ընդհատումը կապված է նաեւ այսօր Հռոմում նախատեսված քննարկման հետ: «Այսօր մենք ակնկալում ենք Իրանին ուղղված խիստ քննադատություն», - նշել է աղբյուրը:


Ռուզաննա Ստեփանյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG