Մատչելիության հղումներ

Բենազիր Բհուտոյի վերադարձը նշանավորվեց աննախադեպ ահաբեկչությամբ


Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բhուտոյի վերադարձը հայրենիք երեկ նշանավորվել է աննախադեպ ահաբեկչությամբ, որին, այս պահի տվյալներով, զոհ է գնացել առնվազն 136 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ:

Երկու ուժեղ պայթյուններ են որոտացել այն պահին, երբ Բհուտոն ավտոշարասյան ուղեկցությամբ շարժվում էր դեպի Կարաչիի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ անցկացվելիք հանրահավաքին նախկին վարչապետը ելույթ էր ունենալու:

Տուժածները Բհուտոյի աջակիցներն են, որոնք ճանապարհի երկու կողմերում ողջունում էին նրան:

Ականատեսների վկայությամբ, նախկին վարչապետը կենդանի է մնացել պատահականորեն:

Ոստիկանությունը առայժմ չի պարզել` պայթուցիկները նախապե՞ս էին տեղադրված մեքենաների մեջ, թե՞ պայթյունների հեղինակները մահապարտ ահաբեկիչներ էին:

Հաղորդվում է, որ Բհուտոյի վերադարձից առաջ «Թալիբան» շարժմանը մոտ կանգնած իսլամիստական խմբավորումները նրան սպառնացել են:

Բենազիր Բհուտոն Պակիստանի կառավարությունը գլխավորել է երկու անգամ` 1988-90 եւ 1993-96 թվականներին: Նախկին վարչապետը կամավոր վտարանդի էր դարձել 8 տարի առաջ` կոռուպցիայի մեղադրանքով բանտարկվելուց խուսափելու համար:

Նրա վերադարձը հնարավոր դարձավ, երբ Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը հոկտեմբերի սկզբին ստորագրեց «Ազգային համաձայնության դեկրետը», որով համաներում էր շնորհվում 1988-99 թվականներին Պակիստանում ղեկավար պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչներին, այդ թվում` Բհուտոյին:

Տեղական վերլուծաբանների կարծիքով, Մուշարաֆը Բհուտոյին հրավիրել է 2008 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ նշանակելու համար:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG