Մատչելիության հղումներ

Իրաքի քրդերը Անկարային հորդորում են պատերազմ չսկսել


«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի բանակի տասնյակ հազարավոր զինծառայողներ կազմ ու պատրաստ Իրաքի հյուսիսային սահմանի մոտ են:

Հրետակոծության եզակի դեպքերից զատ, լայնածավալ գործողություններ այս պահին չկան, չնայած Թուրքիայի խորհրդարանն արդեն հավանություն է տվել քրդերի զինված ջոկատների դեմ գրոհներ իրականացնելու` կառավարության դիմումին:

Միացյալ Նահանգների եւ Իրաքի կառավարությունները թուրքերին հորդորում են զերծ մնալ ռազմական գործողություններից, քանի որ դա է’լ ավելի կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում:

Ավելի քան 5 հազար իրաքաբնակ քրդեր Թուրքիայի սահմանի մոտ գնվող Դահուկ ավանում ՄԱԿ-ի տեղական գրասենյակի շենքի առջեւ ցույց են անցկացրել` վանկարկելով «Ոչ` ռազմական օպերացիային, այո` երկխոսությանը» կարգախոսը:

Իրաքի քրդաբնակ շրջանի կենտրոն Էրբիլում հնարավոր պատերազմի դեմ բողոքի երթի են դուրս եկել հարյուրավոր դպրոցականներ` «Միմյանց հասկանալն ավելի լավ է, քան միմյանց սպանելը» պաստառներով:

«Մենք մեր երկրում ոչ մի վատ բան չենք արել հարեւան Թուրքիայի նկատմամբ եւ թույլ չենք տա ոտնահարել մեր արժանապատվությունը», - «Ասոշիեյթեդ փրես»-ի թղթակցին ասել է Էրբիլի համալսարանի 26-ամյա ուսանող Էվան Դոսկին:

Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին երեկ Բաղդադում հայտարարել է, որ խոսքը դժվարհասանելի լեռնային շրջանի մասին է, որտեղ գուցեեւ կան զինյալներ, սակայն Քրդական աշխատավորական կուսակցությունն այնտեղ ո’չ Բաղդադի եւ ո’չ էլ Էրբիլի տեղական կառավարության հավանությամբ է գտնվում:

Թուրք պաշտոնյաները պնդում են, թե քուրդ զինյալներին հարվածներ հասցնելու ծրագիրը չի հակասում միջազգային իրավունքին: Նրանք ասում են, որ Միացյալ Նահանգները Քրդական աշխատավորական կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է որպես ահաբեկչական կառույց, ուստի եթե ԱՄՆ-ը 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո պատերազմ է հայտարարել ահաբեկչական կազմակերպություն Ալ Ղաիդային, ապա նույն իրավունքն էլ ունի Անկարան:

«Նրանք, ովքեր կքննադատեն Ազգային մեծ ժողովի որոշումը, պարտադրված կլինեն բացատրություն տալ նաեւ Աֆղանստանում իրենց գործողություններին», - ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Մեհմեթ Ալի Սահինը եւ հավելել. -«Թուրքիան ընդամենը գործադրում է նույն միջազգային իրավունքը»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր ասել է, թե որ դեպքում է հնարավոր կանխել լայնածավալ գործողությունը. - «Իրաքը պետք է ոչնչացնի, փակի իր տարածքում Քրդական աշխատավորական կուսակցության բոլոր հենակետերը, ձերբակալի դրա առաջնորդներին եւ փոխանցի թուրքական կողմին»:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, թուրքական հեռուստատեսությամբ ունեցած ելույթում Էրդողանը ողջունել է Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիի հայտարարությունը` միաժամանակ նշելով, թե «կոչը բավական ուշ է արվել»:

Ենթադրվում է, որ Իրաքի հյուսիսում գտնվում է Քրդական աշխատավորական կուսակցության շուրջ 3 հազար զինյալ:



Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG