Մատչելիության հղումներ

Քանի՞ պեսո արժե արգենտինացի ընտրողի ձայնը


Հոկտեմբերի 28֊-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին որոշ արգենտինացի ընտրողներ փորձում են ինտերնետի միջոցով վաճառել իրենց ձայները: Գները տարբեր են՝ 1 պեսոյից, որը հավասար է 30 սենթի, մինչեւ 300 պեսո՝ մոտ 95 դոլար:

Ինչպես հաղորդում է BBC֊-ն, «քվեավաճառներից» մեկը՝ 33-֊ամյա Մարտին Մինուեն, որն իր ձայնը վաճառում է 6 դոլարով, խոստովանել է, որ նման միջոցի է դիմել ոչ թե հարստանալու համար, այլ որպես բողոք մի մարդու, որը որեւէ կերպ չի կարողանում ազդել երկրում տիրող իրադրության վրա եւ արհամարհված է պետական այրերի կողմից:

Մեկ այլ ընտրող պնդում է, որ իր ձայնը «թարմ է եւ չօգտագործված»: Նա բացատրում է, որ մինչեւ հիմա ոչ մի անգամ չի գնացել ընտրությունների, քանզի արժանի թեկնածու չի տեսել:

Երկրի իշխանությունները որեւէ կերպ չեն կարող պայքարել ձայների ինտերնետային վաճառքի դեմ, քանզի այդ «առեւտուրը» չի կանոնակարգված օրենսդրությամբ:

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ առաջիկա նախագահական ընտրություններում ամենահավանական թեկնածուն գործող նախագահի կինն է՝ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG