Մատչելիության հղումներ

Տոնինո Գուերա. «Հայաստանում հոգուս երեւակայական թռիչքներն ինձ մեծ տոն պարգեւեցին»


Իտալացի հանրահայտ կինոսցենարիստ, դրամատուրգ, բանաստեղծ, նկարիչ, քանդակագործ Տոնինո Գուերան, որ մեծագույն ռեժիսորներ Ֆելինիի, Անտոնիոնիի եւ այլոց բազմաթիվ ֆիլմերի սցենարիստն է, գրականության եւ կինեմատոգրաֆիայի ասպարեզում աշխարհի ամենահեղինակավոր մրցանակների դափնեկիր, ավարտում է իր երկրորդ այցելությունը Հայաստան:

Առաջին անգամ Գուերան Հայաստան այցելեց անցյալ տարի` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների հրավերով, եւ, իր խոսքերով` Հայաստանը նրան «մեծ երեւակայական թռիչքների նոր հնարավորություններ պարգեւեց»:

Արդեն երկու շաբաթ Տոնինո Գուերան տիկնոջ` ազգությամբ ռուս Լորա Գուերայի եւ իր ընկերների հետ շրջում էր Հայաստանում` ծանոթանալով ոչ միայն հայկական պատմամշակութային հուշարձաններին, այլեւ քաղաքներին ու գյուղական բնակավայրերին, հայ մարդուն:

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում լրագրողների եւ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ Գուերան պատմեց իր տպավորությունները Հայաստանից:

«Ցավոք, այս հրաշալի ուղեւորությունը մոտեցավ ավարտին: Ես արդեն ծեր եմ եւ ամեն անգամ վախով եմ պառկում քնելու», - ասաց նա: - «Բայց Հայաստանում հոգուս երեւակայական թռիչքներն ինձ մեծ տոն պարգեւեցին, եւ ամեն ինչ ավարտվում է այնպես, ինչպես սկսվել էր` տոնական: «Ոսկե ծիրան»-ի բարեկամներին հաջողվեց խորացնել իմ սերը Հայաստանի հանդեպ»:

«Նա այն մարդկանցից է, որ մեզ պակասում է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տոնինո Գուերային մասին ասաց Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG