Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին առաջարկում է ընդլայնել խորհրդարանի լիազորությունները եւ սահմանափակել իրենը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին առաջարկում է իջեցնել կուսակցությունների` խորհրդարան անցնելու ընտրական շեմը, սահմանափակել խորհրդարանը լուծարելու` երկրի նախագահի լիազորությունը եւ երկարաձգել խորհրդարանի լիազորությունների ժամկետը:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, կառավարող «Ազգային շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահն առաջարկել է խորհրդարան անցնելու շեմը ներկայիս 7 տոկոսից իջեցնել 5-ի, խորհրդարանի լիազորությունների ժամկետը` ներկայիս 4 տարուց հասցնել 5 տարու:

Նա պարզաբանել է, որ իր առաջարկների նպատակը «քաղաքական մշակույթի» եւ «քաղաքական բանավեճերի մշակույթի» խթանումն է: Սահակաշվիլին հայտարարել է, թե երկրի հիմնական խնդիրներից մեկը ընդդիմության թուլությունն է, իսկ փոփոխությունները դրսեւորվելու հնարավորություն կտան նոր քաղաքական ուժերի: Բացի այդ, ինչպես նշել է Վրաստանի նախագահը, առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները անցկացնել միաժամանակ:

Հանդիպումից հետո կառավարող կուսակցության խորհրդարանականները ասել են, որ համապատասխան սահմանադրական փոփոխությունները կառաջարկեն եկող շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG