Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. «Հոկտեմբերի 26-ի հանրահավաքը քաղաքացիական է լինելու»


Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքը, ինչպես երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «ոչ թե կուսակցական, այլ քաղաքացիական հանրահավաք է լինելու»:

Սարգսյանի համոզմամբ, «արտառոց» այդ հանրահավաքի «մեխը լինելու է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը»:

Բացի Տեր-Պետրոսյանի ելույթից, նախատեսված են նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ելույթները:

«Խնդիրն այն է, որ 26-ի հաջորդ օրը հոկտեմբերի 27-ն է, եւ միանշանակ անդրադարձ կլինի 27-ի դեպքերին», - ասաց Արամ Սարգսյանը: - «Կքննարկվի քաղաքական իրավիճակը, եւ կտրվեն լուծումներ, բանալիներ... Այստեղ շատ կարեւոր է առաջին նախագահի մոտեցումը»:

«Իմ կարծիքով», - շարունակեց Սարգսյանը, - «այդ հանրահավաքին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները` անկախ քաղաքական պատկանելությունից: Ես չեմ կարծում, որ նույն հանրապետականների մոտ հետաքրքրություն չկա գալ հանրահավաքին եւ լսել Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը համոզմունք հայտնեց, որ մարդիկ անպայման կգան լսելու Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Հակառակ դեպքում ես կհամարեի, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը պատահական դեպք է եղել», - փաստարկեց նա` շարունակելով. - «Իրականում դա բացարձակ պատահական դեպք չի եղել: Դա մեր ժողովրդի կամք է եղել, ու 88-89 թվականները դրա վառ ապացույցն են: Պատերազմում մեր ունեցած հաղթանակները դրա վառ ապացույցն են... Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը ունկնդրելու համար մասնակցելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Ու այստեղ քաղաքական կուսակցությունները որեւէ կապ չունեն: Սա կուսակցությունների հավաք չէ: Սա հանրահավաք է, որին պետք է մասնակցեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները»:

Հոկտեմբերի 26-ի հանրահավաքը, Սարգսյանի խոսքերով, «քաղաքական ձեւաչափեր» ստեղծելու նպատակ չունի: Այն քաղաքական իրավիճակին գնահատական տալու եւ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու խնդիր ունի:

«Եվ այս կոնտեքստում ելույթ ունեցողների ընտրությունը բավականին ճիշտ է արված: Այս հանրահավաքում ելույթ է ունենալու Ստեփան Դեմիրճյանը, ելույթ եմ ունենալ ես եւ ելույթ է ունենալու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս երեք ելույթն է լինելու ընդամենը», - ասաց Արամ Սարգսյանը:

ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ մասնակցելու է առաջիկա հանրահավաքին. - «Այո, մենք մասնակցելու ենք: Ինչ վերաբերում է ելույթին, ապա անդրադարձ կարվի երկրում ստեղծված իրավիճակին, երկրի առջեւ կանգնած մարտահրավերներին: Բնականաբար, կխոսվի նաեւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ այդ ոճրագործության հետեւանքների մասին»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG