Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի ղեկավարներին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՖԻՖԱ-ի ղեկավար Զեպ Բլատերին եւ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը ողջունել է ՖԻՖԱ-ի աջակցությամբ ֆուտբոլի զարգացման ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Նրա խոսքով, համատեղ աշխատանքն արդեն տալիս է իր պտուղները:

Նշելով, որ սպորտում յուրաքանչյուր հաղթանակ մեծացնում է ձգտումը դեպի տվյալ սպորտաձեւը, Ռոբերտ Քոչարյանը հաջողության հասնելու կարեւոր նախապայման է համարել ոգեւորությունը, լավ տրամադրությունը, առանց որոնց հնարավոր չէ լուրջ արդյունքներ գրանցել:

Զեպ Բլատերն ասել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծածավալ աշխատանք է կատարում ֆուտբոլի զարգացման, մարզերում սպորտաձեւը խրախուսելու ուղղությամբ, եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմի նախաձեռնություններին:

Նույն օրը ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի նախագահներին ընդունել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Զեպ Բլատերն ու Միշել Պլատինին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանի հետ այսօր նաեւ մասնակցեցին Երեւանի Ավան համայնքում «Մանկապատանեկան ինտերնատ մարզադպրոց, ազգային հավաքականների տեխնիկական կենտրոն»-ի հիմնաքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը: Բարձրաստիճան այրերը ստորագրեցին ուղերձ երիտասարդ սերնդին, այն դրեցին հատուկ տարայի մեջ եւ ամրացրեցին կառույցի հիմքի մեջ:

Կառույցը նախատեսված է շահագործման հանձնել 2009 թվականին:

ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի նախագահները հավաքվածներին ողջունեցին հայերեն, ապա Զեպ Բլատերը հույս հայտնեց, որ կառույցը «կօգնի ապագա ֆուտբոլիստներին հանդես գալ 2014 կամ 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում»:

«Այսօր պատմական օր է հայկական ֆուտբոլի համար», - հայտարարեց ՖԻՖԱ-ի նախագահը:

Միշել Պլատինին, իր հերթին, նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու կապակցությամբ: «Անցյալ տարի Երեւանում մասնակցեցի մինի-ֆուտբոլի խաղադաշտի բացման արարողությանը: Այսօր ավելի մեծ ծավալների ենք անցնում: Այստեղ կառուցվող շինությունը պարզապես հրաշալի երեւույթ է, այն շատերին կօգնի զբաղվել ֆուտբոլով: Ես կարծում եմ, որ Հայաստանը հիվանդ է ֆուտբոլով` բառիս լավ իմաստով», - հայտարարեց ՈՒԵՖԱ-ի նախագահը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG