Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «20 տարի առաջ Եվրախորհրդարանի ընդունած որոշումը արդիական է նաեւ այսօր»


Դեռեւս 20 տարի առաջ Եվրոպական խորհրդարանը մի այնպիսի որոշում կայացրեց, որը նույնքան արդիական է նաեւ այսօր. այն թույլ տվեց հայկական հարցը ներկայացնել միջազգային` եվրոպական համատեքստում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` երկուշաբթի օրը ելույթ ունենալով Եվրոպահայերի երկրորդ համագումարում, որը նվիրված է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակին:

Արտգործնախարարը զուգահեռներ է անցկացրել ներկայումս ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվող` ցեղասպանության ճանաչող բանաձեւի շուրջ ծավալվող քննարկումների հետ: Նա անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայի կողմից խնդրի շուրջ հնչող քննադատությանն ու սպառնալիքներին` ներկայացնելով Հայաստանի մոտեցումները ամերիկյան Կոնգրեսում քննարկումների եւ դրանց շուրջ մեկնաբանությունների վերաբերյալ:

Համագումարի բացմանը ելույթ են ունեցել Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը, Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արդարադատության հարցերով հանձնակատար Ֆրանկո Ֆրատինին, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը:

Երեկ ելույթներով են հանդես եկել նաեւ Եվրախորհրդարանի նախկին պատգամավորներ, Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ցուցադրվել է Կարլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այսօր համագումարում նախատեսված են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի, Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի ելույթները:

Եվրախորհրդարանի մասնաշենքում անցկացվող երկօրյա համագումարին մասնակցում են շուրջ երեսուն երկրների հայ համայնքների պատվիրակներ` Եվրամիության անդամ երկրներից, Շվեյցարիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից եւ Մերձավոր Արեւելքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG