Մատչելիության հղումներ

Գողը չի ուզում դուրս գալ բանտից


Ռիո դե Ժանեյրոյից ստացված հաղորդագրության համաձայն, մի գող՝ 21-ամյա ոմն Ֆաբրիցիո, չի ցանկանում հեռանալ բանտից, չնայած ազատազրկման ժամկետն ավարտվել է: Դատավորին հասցեագրած նամակում նա խնդրել է, որ իրեն թույլատրեն մնալ բանտում, քանի որ ինքն աշխատանք եւ բնակության վայր չունի:

«Գողության եմ դիմել, քանի որ չէի կարող դիմանալ ցրտին եւ սովին: Ես, իհարկե, ուզում եմ դուրս գալ, ազատությունից ավելի թանկ բան չկա, բայց ես չունեմ աշխատանք, որ կարողանամ հոգալ կարիքներս, չեմ ուզում նորից թակել ուրիշների դուռն ու սնունդ խնդրել», - ասված է Ֆաբրիցիոյի նամակում:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, նա 4 ամիս է անցկացրել բանտում:

«12 տարի դատավոր եմ աշխատում, երբեւէ նման դեպքի չեմ հանդիպել», - ասել է դատավոր Սերժիո Մայան, ով վերջերս է որոշել Ֆաբրիցիոյին ազատ արձակել բանտում նրա դրսեւորած լավ վարքի համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG