Մատչելիության հղումներ

Թոմ Ջոնս. «Հպարտ եմ մեր հավաքականի ցուցադրած խաղով»


«Այսօր գոլ խփելու այնքան հնարավորություն ունեինք, որ գոնե մի մասն օգտագործելու դեպքում կարող էինք երկու խաղ հաղթել»,- հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Թոմ Ջոնսը շաբաթ օրը Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Սերբիա խաղից հետո, որն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով:

«Այդուհանդերձ, հպարտ եմ մեր հավաքականի ցուցադրած խաղով եւ գոհ եմ բոլորից: Շատ լավ խաղացինք հատկապես երկրորդ խաղակեսում. կարեւորն այն է, որ գեղեցիկ եւ գրագետ խաղ էինք ցուցադրում», - հավելեց Ջոնսը:

Խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Սերբիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խավիեր Կլեմենտեն եւս հայտարարեց, որ այս խաղում հաղթանակի էր արժանի Հայաստանի հավաքականը. - «Երկու տարբեր խաղակեսերի ականատես եղանք: Առաջին խաղակեսում հավասար պայքար էր, սակայն երկրորդում Հայաստանը գերազանցում էր մեզ բոլոր ցուցանիշներով եւ արժանի էր հաղթանակի»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ Սերբիայի հետ խաղում Հայաստանի հավաքականը ոչ թե վաստակեց մեկ միավոր, այլ կորցրեց երկուսը:

Այսօր Հայաստանի հավաքականը մեկնել է Բելգիա, որտեղ հոկտեմբերի 17-ին «Եվրո 2008»-ի ընտրական մրցաշարի հերթական փուլում հանդիպելու է այդ երկրի հավաքականի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թոմ Ջոնսը ասաց, որ այդ խաղում էլ Հայաստանի հավաքականը փորձելու է հարձակողական ֆուտբոլ խաղալ: «Բելգիա ենք մեկնում լավ տրամադրությամբ, չենք պատրաստվում պաշտպանվել երկու խաղակես: Հույս ունեմ, որ այս խաղում էլ միավոր կվաստակենք», - նշեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարը:

Այն հարցին, թե կցանկանա՞ր հետագայում էլ աշխատել Հայաստանում, Թոմ Ջոնսը պատասխանեց. - «Ես կցանկանայի գլխավորել Հայաստանի հավաքականը, սակայն որոշումն ընդունելու է ֆուտբոլի ֆեդերացիան: Պարզապես պետք է սպասեմ եւ փորձեմ անել ամեն ինչ, որպեսզի այս շրջանում օգնեմ հավաքականին հաջող ելույթ ունենալ»:

Ընտրական A խմբում Հայաստանի հավաքականը 9 խաղում նույնքան միավոր է վաստակել եւ 8 թիմերի պայքարում վեցերորդ տեղում է: Խմբային աղյուսակը 24 միավորով գլխավորում է Լեհաստանը, Բելգիան հինգերորդն է: Ադրբեջանը խմբում զբաղեցնում է վերջին` ութերորդ հորիզոնականը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG