Մատչելիության հղումներ

«Առավոտ»-ի լրագրողը հարձակման է ենթարկվել


«Առավոտ» օրաթերթի թղթակից Ռուզան Մինասյանը հինգշաբթի օրը հարձակման է ենթարկվել: Հարձակվողները տարիներ առաջ տեղի ունեցած սպանության զոհի հարազատներն էին, որոնք վրդովված էին այն փաստից, որ լրագրողը հրապարակել է սպանության մեջ իրեն մեղավոր չճանաչող ցմահ ազատազրկվածի տեսակետը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ռուզան Մինասյանը, հարձակումը տեղի է ունեցել ժամը 14:00-ի կողմերը, երբ ասուլիսից վերադարձել է խմբագրություն:

«Կանայք էին եկել մինչ այդ խմբագրություն եւ հետաքրքրվել` ես տեղո՞ւմ եմ, թե՞ տեղում չեմ: Հետագայում, երբ ճշտել էին, որ արդեն սենյակում եմ, կանանց մի խումբ` մոտ 6 կին, եւ մեկ տղամարդ մտան աշխատասենյակ եւ ասացին, թե ինչո՞ւ եմ սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանին տեղ տվել, ինչո՞ւ եմ նկարը դրել: Սկսվեցին հայհոյանքներ, այլասերված հայհոյանքներ, նույնիսկ չհասցրեցի ասել, որ մարդուն դատապարտել են ցմահ ազատազրկման, ուժի մեջ դեռ չի մտել վճիռը` մարդը դիմել է Վերաքննիչ դատարան, եւ նրան դատարանը չի զրկել խոսքի ազատության իրավունքից: Պատճառաբանություն չլսելով` նրանք աշխատասեղանիս վրայից ձեռքի տակ ընկած ամեն ինչ` ձայնագրիչ, ծաղկաման, շպրտում էին ուղղակի դեմքիս», - պատմեց լրագրողը: - «Իսկ այդ «տղամարդ» կոչվածը անընդհատ սպառնում էր, որ այսօր ես պետք է սպանվեմ, մինչեւ ինձ չսպանեն` իրենք այստեղից դուրս չեն գա»:

Այդ պահին սենյակ են մտել Ռուզան Մինասյանի գործընկերները, որոնք փորձել են հարձակվողներին խաղաղեցնել:

Հետագայում լրագրողը ճշտել է, որ միջանցքում եւս 10-15 մարդ «հերթապահել» է:

«Առավոտ»-ի աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն: Մեծ թվով ոստիկաններ ժամանել են խմբագրություն եւ հարձակվողներից հատկապես ագրեսիվներին տարել Կենտրոնի ոստիկանություն:

Ռուզան Մինասյանը տուժող է ճանաչվել, որքանով ինքն է տեղյակ` մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, ֆիզիկական հաշվեհարդարի հետ կապված 164 հոդվածով:

Հարձակման հետեւանքով լրագրողի շրթունքը պատռվել է: Նրան դատաբժշկի ուղեգիր է տրված:

Սա Հայաստանում լրագրողի դեմ բռնության արդեն երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում. սեպտեմբերի 15-ին ծեծի էր ենթարկվել «Իսկական իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը:

Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր տարածել են հայտարարություն, որով դատապարտել են լրագրողի դեմ իրականացված «հերթական բռնարարքը»` պահանջելով, որ «մեղավորները, որոնք այս անգամ հայտնի են, պատասխանատվության ենթարկվեն օրենքի պահանջներին համապատասխան»:

Լրագրողի նկատմամբ բռնարարքը դատապարտել է նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը:

«Լիահույս ենք, որ կուսակցությունները, իրավապաշտպան ու հասարակական կազմակերպությունները, ՀՀ բարի կամքի տեր բոլոր քաղաքացիները` անկախ գաղափարական ու քաղաքական տարաձայնություններից, ավելի նախանձախնդիր ու պահանջատեր կլինեն ազատ խոսքի եւ այլակարծության հանդեպ չդադարող ոտնձգություններին վերջ դնելու հարցում», - ասված է կուսակցության` այսօր տարածած հայտարարությունում: - «Վերստին դիմում ենք իրավապահ մարմիններին` պահանջելով անհապաղ բացահայտել եւ օրենքի ողջ խստությամբ պատժել բռնարարքների պատվիրատուներին եւ իրականցնողներին»:

Դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

«Անկախ այն հանգամանքներից, թե ինչ բնույթի հրապարակում է ներկայացվել լրագրողի կողմից, խիստ դատապարտելի է կողմերից մեկի դժգոհության նման դրսեւորումը, քանի որ դժգոհության կամ անհամաձայնության դեպքում մեր երկրում գոյություն ունեն իրավական պաշտպանության քաղաքակիրթ միջոցներ», - ասված է Հայաստանի օմբուդսմենի հայտարարությունում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG