Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ավարտեց հայաստանյան այցը


Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հինգշաբթի օրը ավարտեց հնգօրյա հայաստանյան այցը: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նա ասաց, որ մարդու իրավունքների բնագավառում իր ունեցած տեղեկությունները «համապատասխանում են այցի ընթացքում ստացած տեղեկություններին»:

Հայաստանում Համարբերգը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների, Գյումրիում ժամանակավոր կացարաններում ապրող մարդկանց, դատապարտյալների հետ:

«Սոցիալական բնույթի խնդիրներ դեռ կան, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ», - ասաց նա: - «Խնդիրներ կան նաեւ օրենսդրության ոլորտում, եւ իշխանությունները պետք է երաշխիքներ տան, որ նոր սահմանադրությունը, դատական նոր օրենսդրությունը եւ դրանց գործնական կիրառումը իրականում նպաստեն արդյունավետ ու արդար դատական համակարգ ստեղծելուն»:

Թոմաս Համարբերգը երեկ հանդիպել է նաեւ ազատազրկման մեջ գնտվող ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի, ինչպես նաեւ «Ժամանակ - Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի հետ:

Առանց կոնկրետ անուններ նշելու` Եվրախորհրդի հանձնակատարը ասաց, թե «արդարադատություն ներկա համակարգի պայմաններում դժվար է վստահ լինել` այդ մարդիկ իսկապե՞ս մեղավոր են»:

Նրա համոզմամբ` բոլոր այդ գործերը «վերանայելու անհրաժեշտություն կա»:

«Պարոն Համարբերգը բավականին քաջածանոթ էր արդեն ողջ գործընթացին, եւ իմ դեպքը դիտարկում է ընդհանրապես Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների կոնտեքստում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժամանակ - Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը` հավելելով, որ Համարբերգը իրեն վստահեցրել է, որ իր հարցը բարձրացնելու է Հայաստանի վարչապետի ու գլխավոր դատախազի հետ հանդիպումներում:

«Ազատություն» ռադիոկայանին Համարբերգն ասաց, որ քաջատեղյակ է Հայաստանի քրեական օրենսգրքի 301 հոդվածին (որով դատապարտվել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը) առնչվող խնդիրներին, որ այն վերացնելու կամ փոփոխելու ուղղությամբ գործընթացներ են սկսվել. - «Դա այն հարցն է, որ դեռ պետք է ուսումնասիրել»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG