Մատչելիության հղումներ

Խավիեր Սոլանա. «Կողմերին հաջողվել է մշակել ղարաբաղյան հակամարտության լուծման մեխանիզմները»


«Եվրամիությունը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի Lեռնային Ղարաբաղի հարցի լուծումը երկարաժամկետ բնույթ կրի», - երեկ Աստանայում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Նրա խոսքերով` բանակցությունների ընթացքում կողմերին հաջողվել է մշակել հակամարտության լուծման մեխանիզմը:

Ղարաբաղյան կարգավորման թեման Խավիեր Սոլանան առաջիկա օրերին կքննարկի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Աստանայից վերադառնալով` գերագույն հանձնակատարը հակամարտության կարգավորման ընթացքը կքննարկի Բելգիայում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Իսկ եկող շաբաթ Բրյուսել կայցելի Ադրբեջանի արտգործնախարարության պատվիրակությունը:

Աստանայում իր հանդիպումների ընթացքում Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն հիմնական շեշտը դրել է էներգետիկ ծրագրերի հեռանկարների վրա, նշելով, որ այս պահին կարեւորագույն հարցը միջինասիական ու ղազախստանյան էներգակիրները Ռուսաստանի շրջանցմամբ Արեւմտյան Եվրոպա հասցնելու ուղիներ գտնելն է:

«Դուք գիտեք, որ այս տարածաշրջանի գազային պաշարների հետ կապված հիմնական խնդիրներից մեկը դրանք Եվրոպա հասցնելն է: Տրանսկասպյան գազատարը կարող է կարեւոր հնարավորություն դառնալ այդ ճանապարհին», - ասել է Սոլանան:

Այնուհանդերձ, նա շեշտել է, որ Տրանսկասպյան խողովակաշարի նախագիծը առայժմ մնում է թղթի վրա. - «Սա դեռ նախագիծ է: Նախեւառաջ, մենք պետք է գտնենք համապատասխան ընկերություններ, որոնք կկարողանան կյանքի կոչել այս նախագիծը: Իսկ առայժմ այդ խողովակաշարը գոյություն չունի»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG