Մատչելիության հղումներ

Բաղդադում ավստրալացիների սպանած կանայք հայեր էին


Այսօր Բաղդադի հայկական եկեղեցում տեղի է ունեցել երկու հայ կանանց հոգեհանգստի արարողությունը, որոնք սպանվել էին երեկ անվտանգության ավստրալական «Յունիթի» ֆիրմայի աշխատակիցների արձակած կրակոցներից:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, տաքսու վարորդը` 49-ամյա Մարո Հովհաննեսը, եւ նրա ուղեւորուհին` Ջինիվա Ջալալը, զոհվել են գլխին արձակված կրակոցներից:

Մեկ այլ ուղեւորուհի վիրավորվել է ուսից, իսկ մեկ երեխա վնասվածքներ է ստացել փշրված ապակու կտորներից:

Իրաքի իշխանությունները դատապարտել են տեղի ունեցածը, մինչդեռ ավստրալական ընկերությունը պաշտպանել է իր աշխատակիցներին` պնդելով, թե նրանք կրակ են բացել միայն այն բանից հետո, երբ կանգ առնելու` բազմիցս հնչած իրենց պահանջը չի կատարվել:

Մարո Հովհաննեսի հարազատները տեղի ունեցածը գնահատել են իբրեւ «բարբարոսական հանցագործություն», «մարդկության դեմ ուղղված ոճիր»:

«Անվտանգության այդ աշխատակիցները մարդկությունից զուրկ են: Նրանք չունեն ո’չ խիղճ, ո’չ հավատ», - ասել են նրանք` կոչ անելով Իրաքի կառավարությանը վերջ տալ նման երեւույթներին:

Երեք շաբաթ առաջ Իրաքի մայրաքաղաքում կրակ էին բացել ամերիկյան «Բլեքուոթեր» անվտանգության ծառայության աշխատակիցները` սպանելով 17 մարդու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG