Մատչելիության հղումներ

«Գրասենյակային մկների» մրցավազք Պրահայում


Շաբաթավերջին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի պատմական կենտրոն Ստարե Մեստո թաղամասում տեղացիներն ու օտարերկրացի զբոսաշրջիկները ականատես են դարձել հիմնարկների ծառայողների` «գրասենյակային մկների» մրցումների:

Չորրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցումներին այս անգամ մասնակցել են Պրահայի քաղաքապետարանի, «Մազիմոնտ» եւ «Մինորիս» մասնավոր ընկերությունների «մկները»:

Հիմնարկների միջին կարգի ծառայողներին չեխերեն անվանում են ոչ թե «գրասենյակային մկներ», այլ «առնետներ»:

Մրցումներին մասնակցել են տղամարդկանց, կանանց եւ «խառը» 5-հոգանոց թիմերը` պայմանով, որ «խառը» թիմի կազմում անպայման լինի առնվազն մեկ կին տվյալ գրասենյակից:

Մրցումներն անցկացվել են երեք «մարզաձեւերում»: Նախ գրասենյակի աշխատողի հագուկապով, ձեռքերում թղթապանակներ պահած մարդիկ վազել են 777 մետր տարածություն: Երկրորդ «մարզաձեւում» հարկ էր պարզել, թե ո՞վ ավելի հեռու կնետի թղթապանակը: Երրորդ փուլում «գրասենյակային մկները» 777 մետր տարածությունն անցել են` «վարելով» անվավոր աթոռները:

Մրցումներում լավագույնն է ճանաչվել Պրահայի քաղաքապետարանի հավաքականը:

Կազմակերպիչները հայտարարել են, թե այս մրցումների իմաստն է «ապացուցել, որ շատ ավելի հաճելի է հանդիպել ոչ թե գրասենյակներում, այլ աշխատավայրից դուրս»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG