Մատչելիության հղումներ

Ազգային ժողովրդավարական միությունը նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով


Ազգային ժողովրդավարական միության խորհուրդը կիրակի օրը որոշել է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին կուսակցությունը մասնակցելու է սեփական թեկնածուով, եւ երաշխավորել է կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:

«Մեզ համար սա սովորական ընտրություններ չեն: Մեր առջեւ դրված է խնդիր` կամ երկիրը փոխվում է, պետության որակը փոխվում է, կամ մենք շարունակում ենք ապրել այսպիսի պետությունում, որը մեզ բոլորովին չի ծառայում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Բուտաեւը: - «Այս պետությունը ծառայում է մի խումբ մարդկանց կամ մի խումբ ընտանիքների: Մենք ուզում ենք, որպեսզի պետության որակը փոխվի, երկիրը փոխվի, մենք ուզում ենք տեսնել զարգացում, իսկապես զարգացում»:

Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրումը, կուսակցության փոխնախագահի խոսքերով, «բնական է, որովհետեւ մենք ավելի լավ թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում չենք կարող առաջադրել, եւ, ճիշտն ասած, քաղաքական դաշտում մենք ավելի լավ թեկնածու չենք տեսնում»:

«Իսկ ինչո՞ւ որոշեցիք սեփական թեկնածուով մասնակցել եւ ոչ թե համախմբվել մեկ թեկնածուի շուրջ», - այս հարցին Բուտաեւը արձագանքեց. - «Կյանքը ցույց է տվել, որ պարտադիր չէ, որպեսզի համախմբումը տեղի ունենա մինչեւ թեկնածուների առաջադրումը. համախմբումը կարող է լինել ե’ւ ընթացքում, ե’ւ վերջին օրերին: Օրինակ, 1996 թվականին համախմբումը տեղի ունեցավ, ըստ էության, ընտրություններից 10-15 օր առաջ: Նույնը` հիմա: Մենք չենք կարող անընդհատ սպասել, թե երբ այդ համախմբումը տեղի կունենա»:

Նա չբացառեց ոչ մյուս ընդդիմադիր ուժերի համախմբումը Վազգեն Մանուկյանի շուրջ, ոչ էլ Մանուկյանի սատարելը մեկ այլ ուժի. - «Մենք ոչ մի բան չենք բացառում: Բնական է, մենք ձգտելու ենք այնպես անել, որ քաղաքական դաշտը ձեւավորվի մեր թեկնածուի շուրջ: Ոչ մի բան չենք բացառում, բայց դրա հետ մեկտեղ` ի վերջո, դաշտը երեւում է, մենք գիտենք, թե ովքեր են թեկնածուները, եւ այս պահին այդ լուծումը չի երեւում»:

Ալեքսանդր Բուտաեւի փոխանցմամբ, հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու առաջարկ ԱԺՄ-ին առայժմ չի արվել. - «Նախ` կոնկրետ առաջարկ, կոնկրետ խոսակցություն չի եղել, միգուցե դա լինի ավելի ուշ: Բայց, մյուս կողմից, մենք բազմիցս արտահայտվել ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը մեզ համար անհասկանալի է, եւ կարծում ենք, որ տվյալ հարցում այն մի փոքր այլ պետք է լիներ. նա պետք է ինքը հանդես գար, ավելի շուտ, սատարողի դերում, որովհետեւ ինքը հնարավորություն ունեցել է երկրում որոշակի վիճակ ստեղծելու, եւ դա իրեն չի հաջողվել»:

«Այսինքն, կարծում եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է սատարի Վազգեն Մանուկյանին եւ ոչ թե հակառակը», - այս հարցադրմանը ԱԺՄ-ի փոխնախագահը պատասխանեց. - «Կարծում ենք, երկրի համար եւ այս գործընթացի համար դա շատ ավելի արդյունավետ կլիներ, որովհետեւ չենք մտածում, որ այդ շարժումը, որը անհրաժեշտ է ձեւավորել երկրում, որ այդպիսի շարժում ծավալվի Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG