Մատչելիության հղումներ

Ամերիկացի օրենսդիրներին նախազգուշական նամակ է հղել Թուրքիայի խորհրդարանի նախագահը


Թուրքիայի խորհրդարանի նախագահ Քոքսալ Թոփթանը Միացյալ Նահանգների Կոնգրեսին զգուշացրել է, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը վնաս կհասցնի ԱՄՆ - Թուրքիա երկկողմ հարաբերություններին:

Կիրակի օրը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հղած նամակում Թուրքիայի խորհրդարանի նախագահն ասել է, թե օրինագծի ընդունումը բացասական ազդեցություն կունենա` կվատթարանան ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունները, «որոնց վերականգնման համար կարող են տասնամյակներ պահանջվել»: «Անատոլիա» գործակալության փոխանցմամբ, Թոփթանը նշել է նաեւ, թե «դժվար կլինի վերահսկել Թուրքիայի հանրային կարծիքի ռեակցիան»:

Թուրքիայի խորհրդարանի նախագահը գրել է, թե Հայաստանը դրական չպատասխանեց Թուրքիայի առաջարկին` պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել, ուսումնասիրել Թուրքիայի ու Հայաստանի արխիվները եւ աշխատանքի արդյունքները ներկայացնել հանրությանը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը նախատեսվում է քննարկել այս շաբաթվա ընթացքում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը անցած շաբաթավերջին հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ եւ իր մտահոգությունները փոխանցել Հայող ցեղասպանությունը ճանաչող օրինագծի վերաբերյալ: Նա ասել էր, թե օրինագծի ընդունումը վնաս կհասցնի Միացյալ Նահանգներ - Թուրքիա ռազմավարական հարաբերություններին:

Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, թե նախագահ Բուշը 1915 թվականի իրադարձությունները բնորոշում է որպես «20-րդ դարի ահավոր ողբերգություններից մեկը, բայց կարծում է, որ այդ իրադարձությունները ցեղասպանություն կոչելը պատմաբանների գործն է եւ ոչ օրենսդիրների»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG