Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանի Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը


Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հոկտեմբերի 7-ին հնգօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան` երկրում մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու առաքելությամբ:

Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի փոխանցմամբ, այցի ընթացքում Համարբերգի օրակարգի կենտրոնում կլինի մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ներառյալ դատական մարմինների աշխատանքը, կալանավայրերի պայմանները, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի արգելումը, խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, փոքրամասնությունների իրավունքները, համոզմունքների հիմնավորմամբ պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվողները, գաղթականների իրավունքները, սոցիալական եւ տնտեսական իրավունքները: Այցը կկենտրոնանա նաեւ մարդկանց թրաֆիքինգին եւ խոցելի խմբերի իրավունքներին առնչվող հարցերի վրա:

Թոմաս Համարբերգը Երեւանում եւ Գյումրիում կայցելի տարբեր ոստիկանական բաժանմունքներ, կալանավայրեր, ապաստարաններ եւ հոգեբուժական հաստատություններ:

Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ:

Նա կհանդիպի նաեւ խորհրդարանականների, Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների նախագահների, մարդու իրավունքների պաշտպանի, տեղական իշխանությունների, Ամենայն հայոց կաթողիկոսի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Իր նախնական դիտարկումները Թոմաս Համարբերգը կներկայացնի հոկտեմբերի 11-ին կայանալիք ասուլիսում:

Հայաստանյան այցը մաս է կազմում հանձնակատարի` Եվրախորհրդի բոլոր անդամ երկրներ իրականացվող այցելությունների շարքի:

Տարվա վերջին պաշտոնապես կներկայացվի կոնկրետ հանձնարարականներ պարունակող գնահատման զեկույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG