Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք»-ը «Պուտինը մնում է եւ Հայաստանում խառնում շատերի խաղաքարտերը» վերնագրի ներքո հրապարակած վերլուծությունում կանխատեսելի է համարում, որ Կրեմլի համար բացառապես անհանդուրժելի են այն քաղաքական ֆիգուրները, որոնց թիկունքում նույնիսկ թեթեւակիորեն կնկատվի «արեւմտյան ստվերը»: Դա, ըստ թերթի, սկզբունքորեն վերաբերում է նախագահի պաշտոնում առաջադրվելու հայտ ներկայացրած թեկնածուներից թե' Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե' Վազգեն Մանուկյանին, թե' Արթուր Բաղդասարյանին: Արտաշես Գեղամյանի ու Ստեփան Դեմիրճյանի առաջադրումն այսօր «Իրավունք»-ը քիչ հավանական է համարում` թեպետ երկուսին էլ անվանելով Մոսկվայի համար որոշակիորեն ընդունելի գործիչներ: Ի վերջո, թերթը եզրահանգում է, թե Կրեմլը Հայաստանի նախագահի պաշտոնում հազիվ թե ցանկանա տեսնել երկու թեկնածուների՝ Սերժ Սարգսյանի եւ Արամ Կարապետյանի շրջանակից դուրս, նկատի ունենալով երկուսի «ռուսական կողմնորոշումն ու Ռուսաստանի քաղաքական դաշտի, պետական ապարատի հետ ունեցած կապերը»:

«Ժամական-Երեւան»֊-ը հարցազրույց է արել Արկադի Վարդանյանի հետ, որը, ըստ թերթի, «2000 թվին Հայաստանում հուժկու ժողովրդական շարժում առաջացրեց, հետո կալանավորվեց եւ մի քանի ամիս անցկացրեց «Կագեբեի» մեկուսարանում». - «Առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոխեցին, եւ նա հեռացավ Հայաստանից»: Արկադի Վարդանյանը կարծիք է հայտնում. - «Երկրի հեղինակությունը պահանջում է, որ նախագահի աթոռին լինի կիրթ, ճանաչված, հեղինակավոր անձնավորություն: Ես Լեւոն Տեր-֊Պետրոսյանից բացի այլ անձ չեմ տեսնում: Եթե Սերժ Սարգսյանն ընտրվի, մեր երկրի ոչնչացումը ավելի բարձր տեմպերով կշարունակվի, վերջնականապես կավարտվի պետության սուվերենությունը: Աստված հեռու տանի, բայց եթե Սերժն ընտրվի, ապա կարծում եմ, ժողովուրդը մեկ տարի հետո ասելու է՝ ափսոս չէ՞ր Ռոբերտ Քոչարյանը»: Արկադի Վարդանյանը շարունակում է. - «Պետք է զգուշանալ այն մարդկանցից, որոնք այս տարիներին իրենց դրսեւորեցին ոչ թե որպես սկզբունքային գործիչներ, այլ փորձեցին հարմարվել, իրենց գլուխը պահել: Ես չէի ուզենա կոնկրետ անուններ ասել՝ նրանց բոլորն են ճանաչում, բայց եթե ուզում եք, կարող եմ ասել՝ Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան,Գ եղամյան...»: Թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ չի վերադառնում Հայաստան, Արկադի Վարդանյանը պատասխանում է. - «Ամեն վայրկյան ուզում եմ տեսնել իմ հայրենիքը: Բայց քրեական գործը դեռ բաց է՝ սպասում են, որ գամ...»:

Խաչիկ Ստամբոլցյանը «Հայոց Աշխարհ»֊ում վերհիշում է. - «Մի օր Գերագույն խորհուրդ էր եկել Համբարձում Գալստյանը։ Միջանցքում հանդիպելով նրան, կատակով հարցրի՝ Համբարձում, ինչո՞ւ ես Մարիուս Յուզբաշյանին տարել քաղաքապետարան, նշանակել քեզ խորհրդական, այդ ի՞նչ խորհուրդներ պիտի քեզ տա նախկին ԿԳԲ-ականը։ Նա էլ ասաց, թե` դու, Խաչիկ ջան, տեղյակ չես, պատմեմ իմացիր, թե ինչու ստիպված եղա նրան խորհրդականի պաշտոն տալ։ Մի օր Լեւոնը ինձ կանչեց, ասաց՝ դու կարո՞ղ ես Մարիուս Յուզբաշյանին համոզել, որ մի հոդված գրի այն մասին, որ երբ սովետի ժամանակ դաշնակները գալիս էին այստեղ, ի՞նչ կապեր ունեին անվտանգության ծառայությունների հետ։ Ես էլ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնասենյակում հեռախոսով կապվեցի Մոսկվա՝ Յուզբաշյանի հետ եւ ասացի՝ Մարիուս Արամիչ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է, որ դու մի հոդված գրես ԿԳԲ-ի հետ դաշնակցականների նախկին կապերի մասին։ Նա էլ պատասխանեց, թե կգրեմ մի պայմանով, միայն եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ մի աշխատանք տա, վերադառնամ Հայաստան, ապրեմ ու աշխատեմ այդտեղ։ Համբարձումն ասաց՝ ես էլ դա փոխանցեցի Լեւոնին, Լեւոնը համաձայնվեց պայմանին։ Եվ հենց իր կաբինետից դուրս եկա, անմիջապես տոմս գնեցի ու թռա Մոսկվա։ նացի Յուզբաշյանի տուն, պայմանավորվեցինք, ինքն էդ հոդվածը սարքեց։ Բերեցի եւ այդ հոդվածը տպվեց «Հայաստանի Հանրապետութիւն»-ում եւ «Ռեսպուբլիկա Արմենիա»-ում։ Դա 1991-ի վերջին կամ 1992-ի սկիզբն էր։ Տպվելուց հետո Յուզբաշյանը եկավ Հայաստան, ես էլ գնացի նախագահի մոտ, ասացի, որ նրան աշխատանքի տեղավորման խնդիր կա։ Բայց նախագահն ինձ երեք մատի կոմբինացիա ցույց տվեց։ Ես էլ խայտառակ վիճակի մեջ հայտնվեցի։ Եվ էլ ճար չկար, ստիպված նշանակեցի խորհրդականի պաշտոնում»:

«Առավոտ»-֊ը գրում է. - «Սեպտեմբերի 21-ի առավոտյան 666 համարներով 4 «ֆիրմա» ավտոմեքենաներով մի քանի երիտասարդներ մտան 98 ենթուղու դիսպետչերանոց, բոլորից հավաքեցին ու խստիվ զգուշացրին, որ գիծ չմտնենք ու չքշենք այնքան ժամանակ, մինչեւ իրենք չթույլատրեն». - 2-3 օր թիվ 98-ի չաշխատելը «Առավոտ»-ին այսպես բացատրեցին այդ երթուղու վարորդները: «Պարզվում է, թիվ 98 երթուղայինի վարորդներին սպառնացող երիտասարդները գործել են Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հրահանգով: Ցորենի, շաքարավազի, շինանյութերի, դեղերի , թունաքիմիկատների եւ մի շարք երթուղային գծեր ունեցող բիզնես-պատգամավորը հիմա էլ աչք է դրել թիվ 98 երթուղուն: Ընդ որում, Սամվել Ալեքսանյանը երթուղայինի այդ գիծը ուզում է խլել արցախյան պատերազմի ազատամարտիկ Վլադիկ Աբրահամյանից»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG