Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյանը բացառում է Տեր-Պետրոսյանի եւ ՀՀԿ-ի ղեկավարության հանդիպման հնարավորությունը


Նախկին արտգործնախարար, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցել էր ՀՅԴ-ի ղեկավարների հետ հանդիպմանը, երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց Տեր-Պետրոսյանի եւ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավարների հանդիպման հնարավորությունը:

«Որեւէ քննարկում հնարավոր չէ այս իրավիճակի պատասխանատուի հետ», - ասաց նա: - «Այս իրավիճակը ստեղծվել է հենց Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի [պատճառով]... Նրանք են պատասխանատու այս բեսպրեդելի համար: Նրանց հետ ի՞նչ քաղաքակիրթ բաների մասին կարելի է խոսել, երբ ամբողջ պետական կառուցվածքը ուղն ու ծուծով կոռումպացված եւ քրեածին տարրերից բաղկացած է... Վերջին բոլոր ընտրությունները լկտիաբար կեղծած իշխանությունների հետ ինչպե՞ս կարելի է քննարկել հնարավոր համագործակցությունը»:

Արզումանյանը որեւէ քննարկում բացառեց նաեւ «ՀՀՇ-ի ժամանակին շարքային անդամ Ռոբերտ Քոչարյանի հետ». - «Այս ամենի համար պատասխանատու են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Այսինքն` այս ամենից դուրս գալու համար պետք է այլ ուժերի հետ համագործակցել»:

Տեր-Պետրոսյանը արդեն հանդիպումներ է ունեցել ՀՅԴ-ի, ՀԺԿ-ի, «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» կուսակցությունների, ՍԴՀԿ-ի ղեկավարների հետ: Ծրագրված է նաեւ առաջին նախագահի հանդիպումը «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ:

Հանդիպումների ընթացքում, ըստ Արզումանյանի, քննարկվում է ներքաղաքական իրավիճակը:

Ալեքսանդր Արզումանյանը մեկ անգամ էլ շեշտեց, Տեր-Պետրոսյանը դեռեւս որոշում չի կայացրել նախագահական ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու վերաբերյալ:

Անդրադառնալով Հայաստանի մարզերում Տեր-Պետրոսյանի հանդիպումներին, մասնավորապես` 90-ականների «մութ ու ցուրտ տարիներին», Արզումանյանը ասաց. - «Ժողովուրդը ընդհանրապես որեւէ բան չի մոռանում: Ժողովուրդը չի մոռանում նաեւ այն փառահեղ հաղթանակները, որ տարել են նախկին իշխանությունները: Չի էլ մոռանալու այն բեսպրեդելը, որ այսօր իրականացվում է Հայաստանում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG