Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում ձերբակալված ապօրինի ներգաղթյալների թվում կան նաեւ Հայաստանի քաղաքացիներ


Անցած երկու շաբաթների ընթացքում Լոս Անջելեսի շրջանում ավելի քան 1300 ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալվել, որոնց թվում կան նաեւ Հայաստանի քաղաքացիներ:

ԱՄՆ-ի ներգաղթային եւ մաքսային կանոնների պահպանման գործակալությունը երեկ հայտարարել է, որ իր ծավալներով աննախադեպ այս գործողության թիրախը եղել են այն ապօրինի ներգաղթյալները, որոնք բռնության գործադրմամբ հանցագործություններ են կատարել կամ անտեսել են վտարման հրահանգները:

Ձերբակալվածների ճնշող մեծամասնությունը` ավելի քան 1100 մարդ, Մեքսիկայից է, որի հետ սահմանը Լոս Անջելեսից 250 կիլոմետր հեռավորության վրա է:

Մնացածների թվում, «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, կան Հայաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Հորդանանի եւ Պերուի քաղաքացիներ:

Պաշտոնյաների վկայությամբ, ձերբակալվածներից շուրջ 600-ը արդեն արտաքսվել են իրենց երկրներ:

Ներգաղթային եւ մաքսային կանոնների պահպանման գործակալության քարտուղարի օգնական Ջուլի Մայերսը հայտնել է, որ ձերբակալվածների թվում կան փողոցային ավազակախմբերին անդամակցելու մեջ կասկածվող, ինչպես նաեւ սեռական ոտնձգությունների, հարձակումների եւ առեւանգումների համար դատապարտված մեծ թվով օտարերկրացիներ:

Այս տարվա հունվարին անցկացված նմանատիպ գործողության արդյունքում իշխանությունները Լոս Անջելեսի շրջանում ձերբակալել էին 750-ից ավելի ապօրինի ներգաղթյալների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG